Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրատեսակ բարոյական փարոս կդառնա շատ այլ երկրների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի տեղեկություններին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Խնդիրը միայն Հայաստանին և Թուրքիային չի վերաբերում: Մեր պարտականությունն է ճանաչել և դատապարտել անցյալի, ներկայի և ապագա ցեղասպանությունները»,- հայտարարել է Այվազյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ռազմական դերակատարությանը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական Անկարայի գործողությունները մեկնաբանել է որպես տարածաշրջանում և Միջերկրական ծովի արևելյան ափին «ընդլայնվող անկայունության աղբյուր»:

Արա Այվազյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը կհիշեցնի աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հակազդեցության չեն արժանանում չար արժեքները:

«Ես հավատում եմ, որ վտանգավոր երկրներին միջազգային կանոնակարգի շրջանակ հրավիրելը մեր աշխարհը շատ ավելի ապահով կդարձնի: Դրանով մենք ականատեսը կլինենք ավելի քիչ ողբերգությունների, ավելի քիչ մարդկային կորուստների, իսկ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

22 Ապրիլ, 2021 12:24
75
; ;