
Լեւոն Արոնյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս Champions Chess Tour-ի հերթական մրցաշարում:
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 5-րդ տեղն է գրավել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած Champions Chess Tour շարքի հերթական շախմատային օնլայն մրցաշարի ընտրական փուլում:
16 շախմատիստների մասնակցությամբ ընտրական փուլում Արոնյանը տարել է չորս հաղթանակ, կրել է միայն մեկ պարտություն և 10 պարտիա ավարտել ոչ-ոքի: Արոնյանը վաստակել է 9 միավոր և 4-5-րդ տեղերը կիսել ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ: Հենց նրա հետ հայ շախմատիստը կխաղա քառորդ եզրափակիչում։
Մրցաշարը, ինչպես եւ այս շարքի բոլոր մրցումները, ընթանում է երկու փուլով. ընտրություն շրջանաձեւ մրցաշարի ձեւաչափով, այնուհետեւ ութ լավագույնները կորոշեն հաղթողին նոկաուտ համակարգով: Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական արագ պարտիայի երկու հանդիպում, թայբրեյք - 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում արմագեդոն:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար, որից հաղթողը կստանա 30 000 դոլար: