Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Ողջունելով դեսպանին ու հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը այս ծանր ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և եղբայրական հարաբերությունների համար:

«Մեր երկու երկրների միջև կապը շատ կարևոր է, և մենք գնահատում ենք այն փաստը, որ, չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի սակավությանը, Չինաստանը պատրաստակամորեն մեզ է տրամադրել պատվաստանյութերի զգալի խմբաքանակ և կորոնավիրուսային առաջին ալիքից սկսած` շարունակում է օգնել մեր երկրին` հաղթահարելու այս մարտահրավերը»,- ասել է  Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, փորձի փոխանակման և համավարակի դեմ միասնական պայքարելու համատեղ ջանքերին:

«Համավարակը սահմաններ չունի. ամբողջ աշխարհը կանգնած է այս բարդ խնդրի առջև, հետևաբար ոչ մի երկիր չի կարող այն միայնակ հաղթահարել, քանի դեռ պայքարը միասնական չէ: Ուստի, մենք միշտ պատրաստակամ ենք աջակցելու մեր բարեկամ պետություններին և երբեք չենք մոռանա այն քայլերը, որ Հայաստանն էր նախաձեռնել Չինաստանի համար ծանր ժամանակահատվածում:

Հուսով ենք, որ չինական պատվաստանյութը կօգնի մեր հայ գործընկերներին` հաղթահարելու համավարակը և վերադառնալու բնականոն կյանքին»,- հանդիպման ավարտին ընդգծել է Ֆան Յունը:  

Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանն ու Ֆան Յունը ստորագրել են Հայաստանի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունների  կառավարությունների միջև COVID-19 պատվաստանյութի` հումանիտար օգնության շրջանակում ՀՀ-ին նվիրաբերման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը:

763