«Ես չեմ կարող ասել պարոն Բալասանյանը եղել է Մարտունիում, թե ոչ»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշելով, որ ինքը տեղեկացված չէ և չի տեսել պարոն Բալասանյանին, թեև Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը  հաստատել էր ,որ  ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը օրերս այցելել է Մարտունի և մարտունեցիներին առաջարկել՝ ապամոնտաժել Նժդեհի արձանը:  

 

«Նման լուրեր պտտվում էին, իհարկե, ոչ պարոն Բալասանյանի հետ կապված: Արձանը տեղափոխելու տարբեր պատճառաբանություններ էին հնչում: Սեպտեբերի 26-ին տեղադրվել էր արձանը՝ պատերազմից մեկ օր առաջ, բայց քանդակագործը դժգոհել էր ասելով, որ այն ավարտված չէ: Եվ այդպես անընդհատ խոսակցություններ կային, որ արձանը պետք է տեղափոխվի հարմար վայր, որտեղ ավարտին կհասցնեն արձանը, կամ պետք է Երևան տեղափոխվի արձանը, որտեղ հենց քանդակագործն է ապրում: Ինչին մարտունեցիները համաձայն չէին»,- ասաց պատգամավորը:

 

Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ ևս այցելել են Մարտունի, ծաղիկներ խոնարհել Նժդեհի արձանին: «Մենք այդ քայլով ցույց տվեցինք, որ մարտունեցիների հետ ենք և դեմ ենք արձանը ապամոնտաժելուն՝ ցանկացած պատճառաբանությամբ»:

Մենք կապ հաստատեցինք Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ: Մեզ հետ զրույցում Գալստյանն ասաց, որ պարոն Բալասանյանի Մարտունի այցի մասին տեղեկացել է մամուլից:

6248