Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»` կապված հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ: Այս մասին գրում է դեսպանատան  ֆեյսբուքյան էջը։

«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Որպեսզի խարդախության զոհ չդառնանք, խնդրում ենք չվստահել այն անձանց, որոնք փորձում են «միջնորդ» հանդես գալ: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նշվում է, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):

Նշվում է նաև, որ ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

«Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին հանդիպած քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,- հավելում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

10 Մայիս, 2021 18:49
589
; ;