
«Շատ կարևոր վտանգ կա՝ մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը լուրջ չենք ընդունում կամ ստեղծում ենք հավելյալ խնդիրներ։ Կա միջանցքների հարցը, որից չենք կարող հրաժարվել, քանի որ ստորագրել ենք։ Ուրեմն, պիտի այնպես անենք, որ մեր ինքնիշխանությունը նվազագույն չափով պակասի, ոչ թե՝ առավելագույն»,- «Ազատություն» ռայդիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։
Լիպարիտյանը, որ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին անձամբ էր բանակցում Անկարայի հետ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, պնդում է՝ հաջորդ, ոչ պակաս կարևոր վտանգն այն է, որ հայկական կողմը միտումնավոր կամ ակամա է՛լ ավելի սրի ազգայնական տրամադրությունները հակառակ կողմում։
«Դա կարող է շատ ավելի քաջալերել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թշնամական վերաբերմունքը։ Արդյունքում մենք կարող ենք կորցնել ապագայի բոլոր հնարավորությունները»,- ասում է Լիպարիտյանը, հավելելով, - «Պետության ռազմավարությունը չի կարող հիմնվել լոկ զգացմունքների՝ վախի ու ատելության վրա՝ անտեսելով առկա իրականությունը, ուժերի հարաբերակցությունը և իրավիճակը բարելավելու մեր հնարավորությունները»:
Լիպարիտյանը փաստում է, որ այսօր շատ ուժեր հենց այդ լարերի վրա են խաղում. «Ուժեր, կուսակցություններ կան, որոնք ցանկանում են, որ մեր քաղաքականությունը ճշտվի վախի վրա, և վտանգները կչափազանցնեն, որը ավելի վատ կդարձնի ամեն բան և կխոչընդոտի, որ մենք կարողանանք մտածել մի քիչ ավելի իրապաշտ և ճանապարհներ փնտրենք, վերլուծենք, ճիշտ որոշման գանք և թույլ չտանք, որ մեզ Պավլովի շան նման խաղացնեն»։
«Մենք իրավունք չունենք մեր ապագան ամբողջովին վստահել որևէ առանձին պետության կամ արտաքին ուժի․ պետությունները փոխվում են, բարեկամներն ու թշնամիներն են փոխվում, մենք ենք փոխվում»,- վերջին հոդվածում գրել էր Լիպարիտյանը։
«Իսկ ինչպե՞ս խաղաղություն կնքել կամ բանակցել հարևանի հետ, որը երկուշաբթի հայտարարում է խաղաղության մասին, երեքշաբթի՝ սպառնում հասնել Զանգեզուր»,- հարցրեց «Ազատության» լրագրողը։ Լիպարիտյանը նշեց, որ պատերազմի օրերին ադրբեջանական կողմը կարող էր հանգիստ գրավել Նախիջևան-Ադրբեջանի միջանցքը, բայց դա չարեց: «Եթե ռուսական զորքերն այնտեղ են` այդ վախերն ավելորդ են: Որովհետև Ռուսաստանը ոչ միայն այնտեղ է, այլև ուժեղանում է Հայաստանում: Ինչից ենք վախենում, ինչու է այդ վախը որոշում, թե ինչ պիտի անենք, եթե պատերազմի օրերին, երբ այդքան հեշտ էր դա անելը նրանք չարեցին` չվերցրեցին միջանցը: Ասենք` միակ պատճառը` Ռուսաստանից վախեցան:Շատ լավ, բայց Ռուսաստանը այնտեղ է, հիմա ինչի է այդ աղմուկը»:
Հայտարարություններից ու քայլերից բացի, կարևոր է նաև այն, թե ինչ կարող էր դիմացինդ անել, բայց չարեց․ արձանագրում է դիվանագետը` հարց բարձրացնելով` ինչո՞ւ օրինակ՝ Ալիևը վերջին պատերազմն ավարտեց Շուշիում կամ ինչո՞ւ այսօր հրաժարվեց այնտեղ թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» դպրոց բացելու գաղափարից. «Ադրբեջանն այսօր երկընտրանքի առջև է ընդհանրապես, ոչ միայն Ալիևը․ միջազգային իր PR-ի մեջ նա ասում է՝ մենք բազմալեզու, բազմազգ, բազմակրոն պետություն ենք, և հայերը վախենալու խնդիր չունեն։ Մյուս կողմից՝ սպառնալից հայտարարություններ է անում։ Եվ հենց այդ պատճառով մենք պիտի նստենք, խոսենք և հասկանանք՝ ճիշտը որն է, և դա պիտի անենք այն ժամանակ, երբ դեռևս նրա վրա ազդելու, որևէ կողմ ուղղելու հնարավորություն կա»։