
Այսօր սկսվեց պետական դավաճանության գործով առաջին դատական նիստը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:
Պետական դավաճանության գործով ամբաստանյալները՝ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը, ամուսիններ են: Մայիս Սահակյանը կալանքի տակ է գտնվում: Դատական նիստին ներկա չէր Ստելլա Սարգսյանը:
Մեղադրող դատախազի միջնորդությամբ պետական դավաճանության գործով առաջին նիստին որոշում կայացվեց բերման ենթարկել ամբաստանյալի կնոջը: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 6-ին:
Նշենք` Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության և արտաքին անվտանգության: