Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողօգտագործման վարչության պետ Մանուել Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննաչական կոմիտե:
Ոստիկանության հաղորդագրությունը ստորեւ. «Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը, ինչի արդյունքում չեն փոխվել հյուրանոցային գործունեություն իրականացնելու նպատակով իր կողմից դեռևս 2012 և 2018 թվականներին մոր ու կնոջ անվամբ հիմնադրված կազմակերպությունների՝ Իսակովի պողոտայում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքերի գործառնական նշանակությունները և, որպես արդյունք, սահմանված կարգով չեն փոխվել գույքահարկերի, աղբահանության վճարների հաշվարկման սակագները, ինչպես և այդ համալիրներում առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ալկոհոլային խմիչքների վաճառք, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիոն 819 հազար դրամի էական վնաս։ Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե»:
Հիշեցնենք՝ մայիս 11-ին Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք էր եղել: Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքից հետո ձերբակալվել էին Կենտորն վարչական շրջանի փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը: Վերջիններս կրկին ազատ էին արձակվել:
Արման Դավոյանը, որը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), կալանավորելու միջնորդությունը մերժվել էր:
Արմեն Ազիզյանի ձերբակալումն էլ դատավորը ոչ իրավաչափ էր ճանաչել: Ազիզյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):