Երեկ սոցիալական ցանցերում մեծ տարածում էր գտել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության լուսանկարի մի մասը։ Ընդդիմությունն իր ֆեյքերի բանակի օգնությամբ տեղեկատվական հոսք ապահովեց, թե իբր նոր հայտարարությունը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, ազգային սպառնալիք է հանդիսանում Հայաստանի անվտանգության համար։

Այսօր համացանցում հայտնվեց փաստաթղթի ամբողջական տարբերակի լուսանկարը, որում մասնավորապես ասվում է․

1․ Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների, ստեղծվում է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման համատեղ հանձնաժողով:

2․ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունները մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը Հանձնաժողովի շրջանակներում կազմում են ազգային պատվիրակություններ:

3․ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը կազմում է ազգային պատվիրակություն` Հանձնաժողովի շրջանակներում խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար:

4․ Պատվիրակությունները ղեկավարվում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրությանը համապատասխան նշանակվող հատուկ լիազոր ներկայացուցիչների կողմից:

5․ Հանձնաժողովը մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքում կձեւավորեն հիմնական ուղղությունների ցանկը եւ աշխատանքի կարգը, ինչպես նաեւ կհաստատվի փորձագիտական խմբերի կազմը՝ բաղկացած իշխանության իրավասու մարմինների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձանցից:

6․ Փորձագիտական խմբերը հանձնաժողովի նիստից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրենց իրավասության շրջանակներում կներկայացնեն միջոցառումների ցանկը:

7․ Սույն հայտարարության պատշաճ իրականացման եւ Հանձնաժողովի աշխատանքի նպատակների իրականացման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով` ամենաբարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերին համապատասխան:

Այսպիսով, փաստաթղթի տեքստում ասվում է, որ երեք երկրների առաջնորդները հատուկ հանձնաժողով են ստեղծում, որը կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցերով: Ի՞նչ է սա նշանակում։ Հայտարարության վերջին կետում հատուկ նշվում է այն փաստը, որ հանձնաժողովը ստեղծվել է առաջիկա խնդիրների խաղաղ եւ միայն խաղաղ լուծման համար։

Երեկ տարածված փաստաթղթում, չգիտես ինչու, 3-րդ կետից սկսած՝ մնացած կետերը սեւով փակված էին։ Ինչ նպատակ էր հետապնդում այդ ստոր քայլը. խուճա՞պ ստեղծել առանց այն էլ այս լարված մթնոլորտում։ Ինչպես նկատեցիք, համատեղ հայտարարության մեջ ոչինչ չի ասվում Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի հանձնման մասին։ Մինչդեռ հայտնի օգտատերը հայտարարության ամբողջական հրապարակումից հետո գողեգող ջնջել էր փաստաթղթի լուսանկարը` մանկլավիկ ֆեյքերի լռության ներքո։

Այսօր իշխանությունները փորձում են անել ամեն ինչ՝ մեր գլխին կախված խնդիրները բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։ Ընդիմության ներկայացուցիչները մտահոգ են միայն իրենց անձնական շահերի համար։ Նրանց ֆեյքերի ֆաբրիկան վնասում է ոչ միայն ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու հնարավորությանը, այլ նաեւ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր առողջությանը։

 

17302