Նախընտրական այս եռուն շրջանում քաղաքական գործիչների արտաբերած ոչ մի խոսք, ոչ մի քայլ հենց այնպես չի արվում։ Այն պարունակում է կոնկրետ ուղերձ` ուղղված կոնկրետ հասարակական շերտին։

Օրերս սոցօգտատերերի բուռն քննարկման թեմա էր դարձել Ռ. Քոչարյանի լուսանկարը հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հաղթական նկարի ֆոնին` «Կրելու ենք» կարգախոսով։ Լուսանկարն, իհարկե, պատահական չէր հայտնվել համացանցում։ Դա իրականում Քոչարյանի PR թիմի կողմից կազմակերպված ակցիա էր` ուղղված հայ հասարակությանը, որը, սակայն, հակառակ էֆեկտն ունեցավ։

Նախ` կարգախոսի մասին։ «Կրելու ենք» եզրույթը նույն «հաղթելու ենք» գրական բառի ժարգոնային տարբերակն է, որն ասես շարունակությունն է քոչարյանական ամբողջ թիմի՝ շարքային համակրից միչև ամբիոն բարձրացողի հայհոյախառն փողոցային բառամթերքի։ Հարց է առաջանում` ինչու է Քոչարյանն ընտրել մարդկանց հետ շփման հայհոյախառն, ժարգոնային տարբերակը։

Հիմա` պաստառի նկարի մասին։ Ուշագրավն այն է, որ պաստառի գլխավոր հերոսը բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալին է` հայտնի մարտից հետո, երբ ի լուր աշխարհին հայտարարեց` այսպես մուսուլմանները պիտի հաղթեն ամենուր։ Այսպիսով, ինչ է ստացվում. ում է ուղղված Քոչարյանի ուղերձը, ինչ է ակնարկում։ Եթե Ալիի կերպարի ընտրությամբ Քոչարյանն ուզում է անկոտրում մարտիկի դեր ստանձնել, ապա իր իշխանության տարիներին նա ապացուցել է դա` Պապլավոկում «պրիվետ Ռոբ»-ի համար ծեծել-սպանելով դաշնակցական Պողոս Պողոսյանին, որի կուսակիցների հետ, ի դեպ, դաշինքով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ապացուցել է Մարտի մեկի դեպքերի ժամանակ, որի ժամանակ զոհվեցին մեր 10 հայրենակիցներ։ Ապացուցել է Հոկտեմբերի 27-ի ժամանակ, երբ գլխատվեց Ազգային ժողովը։

Որտեղ մնաց մարտիկի ուժեղ բնավորությունը, երբ ՀՀ արդյունաբերական ողջ ներուժը կոպեկներով գույք պարտքի դիմաց օտարին էր հանձնվում կամ կապի ու էներգետիկայի ռազմավարական նշանակության օբյեկտներն էին վաճառվում։ Որտեղ էր մարտիկի ուժեղ կամքը, երբ բանակցային սեղանից Արցախն էր դուրս մղվում, կամ Ադրբեջանին Մեղրիով միջանցք տալու հարցն էր քննարկում։

Իսկ եթե Ալիի կերպարը դիտարկենք մյուս տեսանկյունից, հիմնվելով բռնցքամարտիկի հայտարարության վրա (դեռ չենք դիտարկում կրոնական մոտեցումները- հեղ.), ապա ակնհայտ է դառնում ատելության ուղղակի քարոզը իրենց ընդդիմադիր հասարակական շերտի նկատմամբ, ինչը վկայում է քաղաքական ասելիք չունենալու և ատելության ու անհանդուրժողականության չափն ավելացնելու իրական ուղերձի մասին:

Քոչարյանի փիառշիկներին չես նախանձի։ Կլիենտը չափազանց խոցելի է, իսկ ցանկացած ակցիայի ու ուղերձի արդյունքը՝ միշտ վատ:

Արամ Սիմոնյան

18609