Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Հենց այդ ճանապարհով հարյուրամյակների դադարից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը` դառնալով հայ ժողովրդի պատմության շրջադարձային իրողություն և անկոտրում կամքի վկայություն:
Գլուխ խոնարհվելով հայ ժողովրդի հերոս զավակների և հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջերի հիշատակի առջև՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` ցանկանալով խաղաղություն և արևշատություն մեր ազատ ու անկախ պետությանն ու հայ ժողովրդին:
Փառք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի: