2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Հայփոստի միջոցով:

Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք  կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով:

Այսպիսով՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով (Հայփոստի միջոցով), մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է ընտրեն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն՝ բանկ կամ Հայփոստ:  

Վճարող կազմակերպություն ընտրելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին մինչև 2021 թվականի հունիսի 21-ը՝ նշելով այն բանկի կամ Հայփոստի անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը:   

Հայփոստ ընտրելու դեպքում՝ դիմումին պետք է կցել Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք: Դիմումը կարելի է ներկայացնել նաև Հայփոստի գրասենյակ:

Վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում՝ 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս՝ վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով՝ ինքնաշխատ եղանակով ընտրելով որևէ վճարային կազմակերպություն։

02 Հունիս, 2021 15:06
82
; ;