Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հուշ֊ցերեկույթ, այնուհետև լսարանի անվանակոչություն՝ նվիրված 44֊օրյա պատերազմի հերոս Շիրակ Արմենակի Գասպարյանի հիշատակին։

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998թ. հունիսի 6֊ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ 《Պատմություն》մասագիտությամբ։ 2020թ. հուլիսի 29֊ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության, ծառայել Արցախի Հանրապետությունում։ Առաջին օրից մասնակցել է 44֊օրյա պատերազմին։ Միչև հոկտեմբերի 5֊ը պաշտպանել է Ջրականի դիրքերը, ապա նահանջել է Հադրութ։

Հոկտեմբերի 8֊ին, ստանալով հատուկ առաջադրանք, նրա գումարտակը զինակիցներին ծուղակից դուրս բերելու նպատակով տեղափոխվել է Ահար լեռան լանջ և հոկտմբերի 9֊ին , կրելով մեծ կորուստներ, Թաղասեռ գյուղում ընկել շրջափակման մեջ։ Արտակարգ իրավիճակում Շիրակը ստանձնել է հրամանատարի պարտականությունները։ Գումարտակը փոքր խմբերի է բաժանել՝ փորձելով թաքնվել թշնամուց, սակայն շրջափակումը ճեղքել չի հաջողվել։ Թշնամին հայտնաբերել է նրանց և փորձել գերեվարել։ Հակառակորդի պահանջներին չենթարկվելով՝ Շիրակը ստացել է հրազենային կրակոց և տեղում զոհվել։

2021թ. ապրիլի 10֊ին ԱՀ նախագահի հրամանագրով Շիրակ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Շիրակ Գասպարյանը ունեցել է նաև ստեղծագործելու հակում։ ԵՊՀ ԻՄ նախաձեռնությամբ լույս է տեսել նրա՝ 《Ցիրուցան իղձեր》վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Նա չի դադարել ստեղծագործել նույնիսկ պատերազմի թեժ պահին։ Ընթերցողին ենք ներկակացնում նրա բանաստեղծութկունը՝ գրված կռվի թեժ պահին։

Ցիրուցան եղան իղձերս, մայրի՜կ
Արկերի ձայնից հօդս ցնդեցին։
Արյան գետեր են հոսում սարերից,
Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին։
Արհավիրք է, մա՜մ, կոտորած անգութ,
Ու կարծես սրտիս զարկերն են մարում։
Մա՜մ, դու ինձ ներիր,
Թե տուն չդառնամ,
Թե քեզ չգրկեմ, համբյուր չստանաս։
Չարտասվես, մա՜յր իմ, հերոս է որդիդ,
Ու քեզ պահապան կլինի վերից՝
Որպես հրեշտակ,որպես լույս֊ճրագ երկնի կամարից։

Արամ Սիմոնյան

2552