
Մոսկվայում նշեցին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագիչ Տ․ Գևորգ քահանա Վարդանյանը, անդրադառնալով տոնի խորհրդին, իր քարոզում նշեց, որ օրը նվիրական է և հիշեցնում է, թե ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսելիք է տեսնում, համաձայն որի Հիսուս Քրիստոս, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ցույց է տալիս այն տեղը, որտեղ պիտի կառուցվեր հայոց հավատի տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը՝ այսինքն՝ իջավ Միածինը։
Պատարագի ավարտին կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:
Ներկա հավատացյալները և հոգևոր դասը աղոթք բարձրացրին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու անսասանության համար:
Եզրաս սրբազանը վերստին շնորհավորեց բերկրառատ տոնի առիթով, իր օրհնությունը բաշխեց ներկաներին և խոսեց հայոց հոգևոր կենտրոնի՝ Սուրբ էջմիածնի հայ ժողովրդի կյանքում ունեցած բացառիկ դերակատարության մասին։