Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է 10 օր։ Ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր պաշտոնական էջում գրում է․

Ի՞նչ ենք արել

Դատաիրավական համակարգում բարեփոխումների ջանքերը միտված են եղել նախ դատավորների բարեվարքության ամրապնդմանը և առավել երկարաժամկետ կտրվածքով բարեվարքության տեսանկյունից անբիծ և պրոֆեսիոնալ կադրերին դատավորի պատվաբեր պաշտոնում ներառմանը։ Երկրորդիվ, մեր ջանքերը միտված են եղել ապահովելու դատարանների բեռնաթափում և հետևաբար գործերի քննության ժամկետների կրճատում, որպեսզի մեր քաղաքացիները չսպասեն դատարանի որոշմանը երկար տարիներ։ Երրորդիվ, մեր կարևոր նպատակը եղել է արդարադատության ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավումը, քաղաքացիների կյանքի հեշտացումը։

Գաղտնիք չէ, որ դատական համակարգում բարեվարքության խնդիրը եղել և առայժմ էլ մնում է հիմնական խնդիրներից մեկը։ Ուստի, մենք ներդրել ենք դատավորների բարեվարքության ստուգման և իրավական հետևանքների հանգեցնող արդյունավետ մեխանիզմ։ Այսպես, նախ ձևավորել ենք անկախության բարձր աստիճան ունեցող բարեվարքության ստուգման մասնագիտացված մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին օժտել ենք անհրաժեշտ ամբողջական գործիքակազմով։
2020 թվականից աշխատող այս մեխանիզմի արդյունքում կատարվել է՝

  • Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների և նրանց ընտանիքների անդամների 130 հայտարարագրերի ուսումնասիրություն, որի արդյունքներով առավել լուրջ խախտումների մասով ընթանում են գործընթացներ քրեական վարույթի կարգով, իսկ ավելի նվազ խախտումների դեպքում կարգապահական և վարչական վարույթներ,
  • Սահմանադրական դատարանի դատավորների և նրանց ընտանիքների անդամների 110 հայտարարագրերի ուսումնասիրություն, և այս գործընթացը դեռ շարունակվում է,
  • 47 անձի (թեկնածուի) բարեվարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ ներկայացվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ՝ դրական վերապահումով, 4-ի վերաբերյալ՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել, 1-ի դեպքում խախտման փաստերով հարուցվել է քրեական գործ:

Դատավորների բարեվարքության ստուգման այս մեխանիզմից բացի, 2018 թվականից ի վեր արդարադատության նախարարը Բարձրագույն դատական խորհրդին 36 վարույթով ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ, որոնց արդյունքներով 3 դատավորի լիազորություն դադարեցվել է, իսկ 15 վարույթներով դատավորների նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցներ։

Տասնամյակներ ի վեր լուրջ խնդիր է գործերի քննության ժամկետները։ Այս ընթացքում մենք իրականացրել ենք այդ ժամկետների կրճատման կոնկրետ քայլեր: Այսպես՝

  • 2019 թվականին իրականացված օրենսդրական փոփոխություններով ՃԵԿ խախտումներով վարչական գործերի մասով ՃՈ դեմ Վարչական դատարան ներկայացված դիմումների թիվը 2018 թվականի համեմատ 2020 թվականին կրճատվել է 3 անգամ՝ 7450-ից իջնելով 2042-ի, և սա այնպիսի պայմաններում, որ ՃԵԿ խախտումներով կայացված որոշումների թիվը 2018 թվականի համեմատ 2020 թվականին աճել էր 73,000:
  • Արդեն կատարված և նախատեսվող փոփոխություններով դատավորների թվաքանակն ավելացվել է 42-ով, ինչն էական նշանակություն կունենա դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, հետևաբար՝ քաղաքացիների կողմից դատարան ներկայացվող գործերի քննության ժամկետների կրճատման համար:
  • 2021 թվականից ներդրել ենք վճարման կարգադրությունների էլեկտրոնային քննության համակարգ, որի գործարկումից հետո՝ միայն 2021 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ստացվել է 6156 էլեկտրոնային կարգադրություն, ինչը այդ ժամանակահատվածում գրավոր կարգով ստացվածների 23%-ն է և նույն ժամանակահատվածում մուտքագրված քաղաքացիական հայցերի՝ 11․5%-ը, ինչը նշանակում է անհամեմատ ավելի կարճ ժամկետներում վճարման կարգադրությունների քննություն, ինչպես նաև մյուս գործերի համար խնայված ժամանակ։
     

Շուրջ 10 տարվա քննարկումներից հետո ընդունվել է քրեական օրենսգիրքը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ի թիվս այլ կարևոր փոփոխությունների նախատեսվել են նաև դատավարական սուբյեկտների իրավունքների պաշտպանության առավել բարենպաստ կարգավորումներ, ընդլայնվել են պատժատեսակները, որոնք այլընտրանքն են ազատազրկմանը։

Խոշտանգումների կանխարգելման նպատակով Ոստիկանության 21 ստորաբաժանումների՝ հարցաքննության համար նախատեսված սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման համակարգեր, 20 տարածքային ստորաբաժանումների ելքերում և մուտքերում տեղադրվել են 70 տեսահսկման համակարգեր: Սրանով կնվազեցվեն ոստիկանություն բերման ենթարկվող կամ ոստիկանությունում գտնվող անձանց խոշտանգման ենթարկվելու ռիսկերը։

Մենք քրեականացրել ենք բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
 

Ի՞նչ ենք անելու

Ապահովելու ենք անկախ և բարեվարք դատավորների մուտքը դատական համակարգ, ինչը անկախ դատական համակարգի կայացման գլխավոր գրավականներից է:
Արդյունքում կբարձրանա քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ, դատական համակարգի բարեվարք դատավորներով համալրումը կազդի հանրային կյանքի բոլոր ոլորտների՝ ներառյալ գործարար միջավայրի վրա: Ոչ բարեվարք դատավորները աստիճանաբար կզտվեն դատական համակարգից։

Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգով և նախագծով առաջարկելու ենք ստեղծել Գերագույն դատարան, բարելավելու ենք դատավորների բարեվարքության ստուգման սահմանադրական հիմքերը։
Արդյունքում վերջ կդրվի բարձրագույն դատական ատյանների կողմից հակասական դիրքորոշումների արտահայտմանը, նոր ընթացակարգով ընտրված Գերագույն դատարանի գործունեության շնորհիվ կբարձրանա հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև կկրճատվեն գործերի քննության ժամկետները։

Ներդնելու ենք էլեկտրոնային արդարադատության ամբողջական համակարգ։
Արդյունքում բոլոր տեսակի գործերի (քրեական, քաղաքացիական, վարչական, սնանկության) քննությունը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարման վարույթը իրականացվելու է ավելի սեղմ ժամկետներում, խնայվելու են դատավարության մասնակիցների ռեսուրսները և քաղաքացիները ստիպված չեն լինելու գործերի քննության արդյունքներին սպասել տարիներով։ Բացի այս, նշվածի արդյունքում կբարելավվի ներդրումային միջավայրը։

Զարգացնելու ենք մասնագիտացված դատարանների և առանձին գործերով մասնագիտացված դատավորների ինստիտուտները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների ենթամասնագիտացման միջոցով:
Արդյունքում կբարձրանա ընդունված դատական ակտերի որակը և հասարակության վստահության մակարդակը դատական իշխանության նկատմամբ, քանի որ այդ գործերը կքննեն հանրության վստահությունը վայելող դատավորները, որոնք կընտրվեն անաչառ ու թափանցիկ ընթացակարգերով և կունենան նեղ մասնագիտացում։ Այս ջանքի արդյունքում վստահաբար կանխատեսելի կդառնան և կկրճատվեն կոռուպցիոն բնույթի գործերով դատական քննության ժամկետները։

Արդեն արվածի արդյունքների հիման վրա կատարելագործելու ենք կարճ ժամկետում իր արդյունավետությունն ապացուցած գույքային դրության ստուգման մեխանիզմները և նպաստելու ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների զարգացմանը:
Արդյունքում մեծանալու է կոռուպցիայի կանխարգելման պետական պոտենցիալը, աճելու են կոռուպցիոն երևույթների բացահայտման դեպքերը՝ հանգեցնելով կոռուպցիայի դեմ արդյունավետ ինստիտուցիոնալ գործելակերպերի արմատավորմանը:

Մենք շարունակելու ենք կատարելագործել մեր օրենսդրությունը բռնության, ատելության, թշնամանքի, խտրականության դեմ պայքարում՝ ժողովրդավարությունը պաշտպանելու և իրավունքի չարաշահման դեպքերը կանխելու նպատակով։
Տարաձայնությունները և բազմակարծությունը պետք է լինեն հանրային լայն երկխոսության առիթ՝ հանգելով համերաշխության և հանրային փոխվստահության։

Մենք ուշադիր ենք լինելու մարդու իրավունքների պաշտպանվածության նկատմամբ հատկապես խոցելի խմբերի պարագայում։
Ոչ մի սոցիալական խումբ մեկ այլ խմբի նկատմամբ չհիմնավորված կամ օրենքով չնախատեսված արտոնություններ չի կարող ունենալ։ Մեր ուշադրությունը սևեռված է լինելու նաև մարդկանց և իրավապահ համակարգի միջև հարաբերություններին՝ բացառելու համար բռնության, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վարվելակերպերի կանխարգելմանն ու հետապնդմանը, ինչպես նաև ապահովելու համար մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բոլոր պարագաներում։ Մենք երաշխավորելու ենք նաև իրավապաշտպանների համար իրապես ազատ և անխոչընդոտ գործունեության իրավական և գործնական պայմաններ։

1241