Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) նոր զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է Շվեդիայի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկին։ 

Ըստ զեկույցի՝ Bombardier Transportation ընկերության շվեդական մասնաճյուղի նախկին ղեկավար Թոմաս Բիմերը մեղադրվում է կաշառակերության համար։ 

Բիմերը դատարանի առջև է կանգնելու 2013-ին Ադրբեջանում Bombardier-ի շահած մրցույթում ի հայտ եկած կոռուպցիոն գործարքում ունեցած դերակատարման համար: 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադրբեջանում երկաթուղու մի մասի վրա ազդանշանային համակարգեր տեղադրելու 350 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համար Bombardier-ը 100 մլն դոլար կաշառք է վճարել երկաթուղու առնվազն մեկ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի:

Բիմերը՝ որպես նախագծի պատասխանատու բաժնի ղեկավար, տեղյակ է եղել ադրբեջանցի հաճախորդի և Bombardier-ի համագործակցության մասին։

Նշվում է, որ ադրբեջանական երկաթուղու կաշառված պաշտոնյան ներկայացնում է տեղական Trans-Signal-Rabita (TSR) ընկերությունը, որը մրցույթը շահել է շվեդական ընկերության հետ:

Հոդվածում շեշտվում է նաև, որ վերոնշյալ գումարից մասնաբաժին են ստացել նաև Ադրբեջանի երկաթուղային մարմինների աշխատակիցները:

Նախկինում Bombardier-ի շվեդական մասնաճյուղի նախկին տնօրենը ևս կասկածվում էր կաշառակերության մեջ:

1lurer.am

1663