
«Երեխաները նախաճաշել են, որից մոտ մեկ ժամ հետո մի քանի հոգի փսխել են։ Երեք խմբից մի տեղ չորս հոգի, մի տեղ՝ հինգ, մյուսում՝ երկու երեխա։ Ընդհանուր 11 երեխայի մոտ է փսխում արձանագրվել»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Վինի Պուխ Ի ընկերներ» մանկապարտեզի տնօրեն Աննա Հայրապետյանը, անդրադառնալով մանկապարտեզում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառին։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն երեկ, Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։
Աննա Հայրապետյանն ասաց, որ երեկ մանկապարտեզ է այցելել 56 երեխա։ Բոլորն էլ նախաճաշել են, փսխում արձանագրվել է միայն 11-ի մոտ։ Մանկապարտեզի ղեկավարությունն անմիջապես առաջին օգնությունն է ցույց տվել երեխաներին, որից հետո զանգահարել են շտապօգնություն։ «Շտապօգնությունը ցուցում է տվել, որ երեխաներին տանենք հիվանդանոց։ Իրենք աշխատակիցների հետ միասին գնացել են հիվանդանոց, որտեղից էլ զանգահարել ենք ծնողներին»,- ասաց մանկապարտեզի տնօրենը, հավելելով, որ վերցվել են սնունդից փորձանմուշներ։ «Վերցվել են և տվյալ օրվա և նախորդ օրվա նմուշները, որովհետեւ 48 ժամ նմուշ ենք պահում։ Իրենք բոլորը վերցրել են՝ տարել են ստուգման։ Կա տեսակետ, որ հնարավոր է կաթնաշոռից և թթվասերից առաջացած լինի»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։