
Ընտրակաշառքի գործով կալանավորված «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը 2 առանձնատուն ունի Արմավիր քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք նրա Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 55 հազար դոլար եւ 4 մլն դրամ: Այլ միջոցներ Խլղաթյանը չի հայտարարագրել:
Վերջինս դաշինքի ընտրացուցակում 16-րդն է:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Խլղաթյանը հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար փորձել է կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Ընտրակաշառքի համար քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: