
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարզվեց՝ Արման Թաթոյանը վերջապես կտրվել է կեղծ/հորինված հարցման փրոմոթինգից և լեգիտիմացումից, բայց փոխանակ անդրադառնար Գեղամ Մանուկյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ԲՈԼՈՐ աջակիցներին «բ․-ի տղա» անվանելուն, որոշել էր անդրադառնալ ինձ, այն բանի համար , որ առաջարկել էի խոսել այդ հարցի շուրջ։
Առաջարկս, ի դեպ, ձևակերպել էի ֆեյսբուքյան գրառմամբ․ «ՄԻՊ-ը շատ է զբաղված ինչ-որ հնարովի հարցման փրոմոթինգով ու լեգիտացմամբ, թե չէ, կարծում եմ՝ անպայման կանդրադառնար Գեղամ Մանուկյանի հոգեխանգարմունքային ինքնադրսևորումներին»։
Գամ ամենասկզբից․
Վերջին օրերին համացանցում որոշ լրատվականների կողմից տարածվում է թվեր պարունակող ինչ-որ տեքստ, որը նրանք անվանում են «Գելլափի կազմակերպած հարցում»։ Ինչը շատ հատկանշական է և լավագույնս է ներկայացնում տեքստի քաղաքական ուղղվածությունը, այն հորինած ընկերությունը տեքստն անվանել է «Իդիոտ․կա?» ։ Մեր բոլորի կողմից հարգելի պարոն Թաթոյանն էլ վերցրել ու լուրջ-լուրջ քննարկման առարկա էր դարձրել «Իդիոտ․կա?» վերնագրով տեքստի՝ իրեն վերաբերվող հատվածը այն պահին, երբ հասարակության ամենատարբեր շերտեր վրդովված քննարկում էին դաշնակցական Գեղամ Մանուկյանի հակաբարոյական արտահայտությունը։
Ելնելով հանգամանքից, որ պարոն Թաթոյանը մեծագույն հարգանք և աջակցություն է վայելում ընդդիմադիր նշյալ շրջանակներում՝ մտածեցի, որ շատ լավ կլինի, եթե նա վերջապես կտրվի «Իդիոտ․կա?» վերնագրով տեքստի վերլուծությունից և կոչ անի ընդդիմադիր գործիչներին չպիտակավորել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների, չստեղծի ատելության մթնոլորտ։ Նորից եմ շեշտում,որ կոչն արել եմ՝ հաշվի առնելով պարոն Թաթոյանի՝ ընդդիմադիր գործիչների շրջանում ունեցած մեծ հարգանքը հաշվի առնելով։
Իհարկե, մի առանձին քննարկման առարկա է, թե ինչու՞ է ՄԻՊ-ը լուրջ-լուրջ քննարկում «Իդիոտ․կա?» վերնագրով տեքստը, որի վերնագիրն ինքնին ատելության քարոզ է, բայց դա մի ուրիշ անգամ կքննարկենք։
Բայց, գալով բուն էությանը, ակնհայտ է, որ իմ գրած կոչում ոչ մի պիտակ, ոչ մի ատելության խոսք, ոչ մի վիրավորանք չկա և հենց այդ փաստը ստիպել է պարոն Թաթոյանին անդրադառնալ այդ գրառման և դա տարածած ինչ-որ էջերի/խմբերի մեկնաբանություններին։
Իմ էջում գրված մեկնաբանություններից մեկը, որում առաջարկվել էր ընտրություններից հետո Թաթոյանին ազատել պաշտոնից, և որը ես տեսա միայն Թաթոյանի հրապարակումից հետո, ստիպել է վերջինիս, որ «Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն»։ Հարկատուների միջոցներով ֆինանսավորված այս ուսումնասիրության արդյունքում արդեն պարոն ՄԻՊ-ը եկել է եզրակացության, որ իմ էջի ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ առկա են չհեռացված գրառումներ, որոնք պարունակում են վիրավորանքներ և այլն դա էլ իր հերթին պարոն Թաթոյանին մտահանգման, որ իմ էջը «ատելության որջ է»։
Իհարկե, եթե ինձ մնար, կառաջարկեի քաղաքացիների վճարած հարկերով իմ էջի մեկնաբանությունների ուսումնասիրության փոխարեն այլ բանով զբաղվել, բայց պարոն Թաթոյանը վստահաբար ինձնից լավ է հասկանում, թե ինչպես և ինչի վրա ծախսի հարկատուների՝ իր գրասենյակին հատկացված միջոցները։
Բայց,նորից գալով բուն մտքին, եթե շարժվենք պարոն Թաթոյանի տրամաբանությամբ և գործչին մեղադրենք այն մեկնաբանությունների համար, որոնք գրված են իրենց էջերում և հեռացված չեն, ապա պաշտպանի վերոհիշյալ գրառման տակ տեղ գտած հետևյալ մեկնաբանությունը բավականին ուշագրավ է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքից դժգոհ են միայն ադրբեջանցիներն ու Հայաստանի ադրբեջանահպատակ ուժերը»։ Այս մեկնաբանությունը գրել է «Հայաստան» դաշինքին սատարող ֆեյսբուքյան գլխավոր նկարով Րաֆֆի Ասլանյանը։ Մեկնաբանությունը գրվել է այս գրառումը գրելու պահից առնվազն 16 ժամ առաջ և դեռ հեռացված չէ։ Հիմա եթե շարժվենք մեծարգո պարոն Թաթոյանի տրամաբանությամբ, ապա ինքը կա՛մ համակարծիք է, որ իր աշխատանքից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով դժգոհ ցանկացած քաղաքացի ադրբեջանցի է կամ ադրբեջանահպատակ, կա՛մ պարոն Թաթոյանը զբաղված է կրիմինոգեն հայտարարությունների տարածմամբ, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիներին բաժանելուն, իր աշխատանքից դժգոհ քաղաքացիներին պիտակավորելուն, նրանց անձի շուրջ ատելության մթնոլորտ գեներացնելուն։
Ի դեպ, պարոն Թաթոյանի՝ ներհայաստանյան քաղաքական խնդիրների շուրջ գրառումների՝ լրատվականներում հրապարակումները մշտապես ուղեկցվում են ֆեյքային բանակների կողմից կառավարող ուժի նկատմամբ ատելության խոսքի, վիրավորանքների պարունակությամբ մեկնաբանությունների տարափով։ Ու եթե ես հարկատուների կողմից ֆինանսավորվող աշխատակազմ ունենայի, ունենայի նաև պարոն Թաթոյանի պատկերացումները հարկատուների՝ ինձ, իմ գրասենյակին վստահված գումարի տնօրինման մասով, ապա աշխատակազմին կհանձնարարեի մի լավ ուսումնասիրել Արման Թաթոյանի հրապարակումների մեկնաբանությունները, արխիվացնել ատելության խոսքի պարունակությամբ բոլոր մեկնաբանությունները և դեմքի լուրջ արտահայտությամբ կհայտարարեի, որ պարոն Թաթոյանի էջն ու նրա հրապարակումները տարբեր լրատվականներում ամենաիսկական ատելության որջն են, որ երբևէ գոյություն է ունեցել սոցիալական ցանցերում, բայց ես ո՛չ նման աշխատակազմ ունեմ, ո՛չ էլ պարոն Թաթոյանի պատկերացումները։
Ստորև ներկայացնում եմ հիշատակածս թվերով տեքստի սքրինշոթը՝ վերցված gallup.am կայքից, պարոն Թաթոյանի գրառման մեկնաբանություններից մեկի սքրինշոթը և պարոն Թաթոյանի գրառմամբ կիսված առաջին պատահած լրատվականի մեկնաբանություններից մեկը։
Վերջում ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ այս ամբողջ խոսակցությունը միայն նրանից, որ պարոն Թաթոյանին կոչ էի արել անդրադառնալ Գեղամ Մանուկյանի կողմից հարյուր հազարավոր քաղաքացիների «բ․-ի տղա» անվանելու փաստին։
Հ․Գ․ Պատասխանելով պարոն Թաթոյանին այդքան դուր եկած «Իդիոտ․կա?» վերնագրով տեքստի հենց վերնագրին՝ պիտի ասեմ, որ ո՛չ, չկա»։