
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բանը հասել է նրան, որ պարոն Թաթոյանի հրապարակումների արդյունքում ստանում ենք ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։
Պարոն Թաթոյանի ինձ վերաբերվող հրապարակմանը հաջորդել է նրա հրապարակումներից հետո սովորական դարձած լկտի ֆեյքային գրոհը իմ, մեր կուսակցության և խմբակցության էջերում իմ հրապարակումների վրա։
«Դու ո՞վ ես, որ Թաթոյանին բան ասես, ջագուչը իջնելու է գլխիդ»։
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այս և նմանատիպ այլ հարյուրավոր մեկնաբանությունները՝ գրված ֆեյքերի բանակների կողմից, գրգռված են հենց պարոն Թաթոյանի հրապարակումից, որը, կարծում եմ՝ չափազանց միակողմանի էր և կտրված իրականությունից։ Կարծում եմ նաև, որ ֆեյքերի հետևում կանգնած քաղաքացիները հետևում են պարոն Թաթոյանի էջում տեղ գտնող և չհեռացվող մեկնաբանություններին ու նաև ծանոթ են պարոն Թաթոյանի՝ պաշտոնատար անձանց էջերում տեղ գտնող մեկնաբանությունների մասով կարծիքին։
Այսպիսով պնդում եմ, որ պարոն Թաթոյանի հրապարակումները և պնդումները գրգռում են ֆեյքային բանակների կողմից ատելության խոսքի մի ամբողջ հեղեղ, որը թափվում է պարոն Թաթոյանի հրապարակումների թիրախը դարձած գործիչների գլխին, բայց ինչն առավել կարևոր է՝ պարոն Թաթոյանը ոչ միայն չի հեռացնում այդ ատելության հեղեղը իր պաշտոնական էջից, այլև ոչ մի դատապարտող կամ սաստող արտահայտություն չի անում այդ մասով, իսկ բանը արդեն հասել է նրան, որ Թաթոյանի հրապարակումից հետո արդեն գործ ունենք փաստացի սպառնալիքի հետ»։