«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների շրջանակներում անցկացվող բանավեճի ընթացքում հույս հայտնեց, որ եկող իշխանությունը, կճանաչի Արցախի անկախությունը։

Ի պատասխան Բագրատյանի խոսքերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շատ հաճախ ընդդիմության ներկայացուցիչները ինձ մեղադրում են նրանում, որ ես ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ, ու պատերազմ է սկսել: Իրենց տրամաբանությամբ, եթե այդ արտահայտությամբ սկսվել է պատերազմ, ապա Արցախը ճանաչելով չէր սկսվի՞: Սա պատերազմի տանող դիրքորոշում է»:

Փաշինյանի խոսքով՝ Արցախի հիմնահարցը պետք է լուծվի բանակցային եղանակով.«Հայաստանը ընդունում  է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների առաջարկը օր առաջ սկսել բանակցությունները Արցախի կարգավիճակի ճանաչման շուրջ: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի կարգավիճակի ճանաչման հիմքում պետք է դրվի «անջատում հանուն փրկության» սկզբունքը»:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ Արցախի ճանաչումը կբերեր պատերազմի:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսեց պատերազմը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ ասում էինք, որ Արցախը ճանաչենք, կսկսվի պատերազմ, հիմա սկսվել է, միգուցե ճանաչե՞նք: Պատասխանը եղել է հետևյալը՝ միգուցե սկսենք քննարկումներ: 44 օր անցավ, ոչ մի բան չեղավ: Այդպես էլ մնաց այդ հարցը»,-նշեց Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ չհերքեց, որ Էդմոն Մարուքյանից այդպիսի առաջարկ եղել է.

«Բայց ուզում եմ ասել, որ վերլուծությունը և միջազգային կոնսուլտացիաները ցույց են տվել, որ Արցախի ճանաչմանը նախորդած շրջանում պետք էր կանգնեցնել Ադրբեջանի բանակը: Եթե մենք առանց Ադրբեջանի բանակը կանգնեցնելու ճանաչեինք Արցախը, մենք չէինք կարողանա պատերազմը կանգնեցնել այն բնագծերում, որում մենք կանգնեցրել ենք»,-եզրփակեց Փաշինյանը:

Armtimes.com

1233