Գյումրու 32/34 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Աստոյանը ահազանգել է ոստիկանությանը՝ ընտրատեղամասում գրանցված միջադեպի մասին։

«Քաղաքացիներից մեկը ստացել է բոլոր քվեաթերթիկները, ինչպես նաև մի ծրար։ Վերցրել է դրանք բոլորը, մտել է քվեախցիկ, քվեարկել, դուրս է եկել, կտրոնը տրամադրել է և դրոշմանիշը խփելու պահին հանձնաժողովի անդամը նկատել է, որ դատարկ թուղթն է, ծրարը չկա»,-  Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Աստոյանը։

Քվեարկողին քվեախուց են ուղեկցել կրկին, որ քվեաթերթիկը դնի ծրարի մեջ։ Քաղաքացին նշել է, որ ծրար չկա։

«Մենք նոր ծրար տրամադրեցինք, նախորդը հավանաբար ավելորդ թղթերի հետ թափել էր։ Ծրարը տվեցինք, շատ խիստ զայրացավ։ Ձեռքի թուղթը, որը ինքն ընտրել էր, ճմռթեց, վազելով ընտրատեղամասից դուրս եկավ»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Սիրանուշ Աստոյանի խոսքով՝ քաղաքացու զայրանալու պատճառը եղել է այն, որ խնդրել են թերթիկը դնել ծրարի մեջ։

«Դրա համար զայրացավ, որ հետ ուղարկեցինք՝ թերթիկը ծրարի մեջ դնելու, պատշաճ ձևով տալու»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը վազել է քաղաքացու հետևից, բայց չեն կարողացել վերջինիս գտնել։

Նշենք, որ Գյումրու 32/34 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1658 է։ Ժամը 14։42-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 382 քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

20 Հունիս, 2021 17:22
152
; ;