Կոչ եմ անում վերջ դնել հայհոյախոսությանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում այսպիսի կոչով դիմեց իր համախոհներին:

ԸՆդունելով հունիսի 20-ի ընտրոթյունների քարոզարշավի վերաբերյալ դիտորդների դիտարկումները, որ կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն, Փաշինյանն ասաց. 

«Ես հիմա նույնիսկ չեմ ուզում, որ մենք քննենք՝ ով սկսեց, երբ եւ ինչու: Ես ուրիշ բան եմ ուզում ասել, ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին. 

 Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն եւ նոր քաղաքական իրավիճակ, եւ այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետեւյալն է` ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին` սկսել մի պարզ կետից, վերջ դնել հայհոյախոսությանը: Եվ ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում` վերջ դնել հայհոյախոսությանը, որովհետեւ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում եւ մենք պետք է այդ էջը սկսենք ազգային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական, պետական եւ ազգային արժեքների վերահաստատմամբ: Եվ առաջին հերթին, այո, ես ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից: Բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը եւ կոչ եմ անում մեր համախոհներին՝ վերջ տալ անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետեւ մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, եւ մենք պետք է մեր պետականության կառուցման այս նոր եւ հրաշալի էջը բացենք»:

Armtimes.com

21 Հունիս, 2021 22:59
326
; ;