Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: Հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակի զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան` Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հունիսի 21-ի հայտարարություններին:

«Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը»,- նշեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ: Նաև հույս էր հայտնել, որ ժողովրդի այս ընտրությունը կօգնի հաղթահարել երկրի ներկայիս դժվարությունները և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր՝ Մոսկվան հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի զարգացմանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովմանը:

483