Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:

Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած այցերը՝ նա ընդգծեց, որ սա եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից Արևելյան գործընկերության երկրներ կատարած առաջին համատեղ այցն է ՝ լիազորված Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից:

«Կարծում եմ՝ սա հաջողված փորձ էր»,- գնահատեց Աուրեսկուն՝ նշելով, որ այցերի ընթացքում իրենք փոխանցել են ԵՄ և անդամ պետությունների սոլիդարության ուղերձները:

«Միևնույն ժամանակ մենք փոխանցեցինք ԵՄ հանձնառությունները՝ առաջնահերթ համարելով բոլոր երեք հարավկովկասյան պետությունների անվտանգությունը, կայունությունն ու բարօրությունը, ինչպես նաև ԵՄ վճռականությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու այս տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա ԵՄ համար ունի ռազմավարական նշանակություն»,- հայտարարեց Ռումինիայի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով տարածաշրջանում ձգձգված հակամարտություններին՝ Բոգդան Աուրեսկուն նշեց, որ դրանք բացասաբար են ազդել ԵՄ արևելյան գործընկերության երկրների զարգացման վրա, մասնավորապես, տասնամյակներ շարունակ խոչընդոտել են այդ երկրների զարգացմանը, բացասաբար են ազդել տարածաշրջանային անվտանգության ու կայունության վրա, սոցիալ-տնտեսական դժվարություններ են առաջացրել այդտեղ բնակվող անձանց համար:

«Տվյալ համատեքստում հատկապես կարևոր է մոբիլիզացնել ԵՄ ուշադրությունն այս հարցում՝ հստակեցնելու լավագույն ուղիները՝ օգտագործելու ԵՄ գործիքակազմը և համագործակցության ձևաչափերը՝ աջակցելու տուժած երկրներին»,- ասաց Աուրեսկուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

653