Արցախի կարգավիճակի հարցն այս պահին հայկական կողմի համար բանակցային առաջնահերթությունների շարքում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսված չեն, ընդհանուր այլ լուծումների և մոտեցումների մասին դժվար կլինի խոսել:

«Մենք շատ կարևորում ենք բանակցային գործընթացը, ինչպես նաև այն որոշակի դրական տեղաշաժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայց և այնպես վերջնական բոլոր հանգուցալուծումները խաղաղության համաձայնագրերը և պայմանագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում: Առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»,- ասաց Ավինյանը՝ նկատելով, որ ապաշրջափակման հարցով բանակցային փուլում որոշակի առաջխաղացում եղել է, կան դրական միտումներ: «Հուսով եմ՝ որոշակի պայմանավորվածությունների կկարողանանք գալ»,- նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված հարցին՝ Ավինյանը նկատեց, որ երբեք հակված չի եղել այս հարցով նախօրոք որևէ տեղեկատվություն տրամադրել, քանի որ բոլոր նմանատիպ լուրերը, որոնք, մասնավորապես, շրջանառվում են պաշտոնական օղակներով մինչև գերիների վերադարձը, միայն վնասում են այդ գործընթացին:

 

247