ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի  ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները։ Որպես առաջնահերթություն նշել է մասնագիտական կողմնորոշման  ոլորտի զարգացումն ու հզորացումը, քանի որ գործազրկության կանխարգելման մեխանիզմներից մեկն էլ հենց դա է։ Վերջերս ստեղծված միասնական սոցիալական ծառայության գրասենյակում ևս տեղում քաղաքացուն տրվելու է մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն։

Ռուբեն Սարգսյանը խոսել է նաև պատերազմի հետևանքների մեղմման նպատակով արցախցիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի մասին՝ կարևորելով նրանց զբաղվածության խնդիրների լուծումն ու հետագա տնտեսական ակտիվության ապահովումը։ Դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց համար հումանիտար օգնությունը կարևոր է, սակայն տնտեսական ակտիվության ապահովումն՝ առավել կարևոր։

Պետության և տնտեսության փոխկապակցվածության և համագործակցության կարևորությունը նշել է նաև ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը՝ հստակեցնելով, որ այն հնարավորություն է ստեղծում վերլուծելու աշխատաշուկայի խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները։

Ուտե Ֆոկը նախարարության պաշտոնյաներին ներկայացրել է այն ծրագրերն ու առաջարկները, որոնք աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացնելու դեպքում կունենանք երկարաժամկետ արդյունքներ։

Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում ստորագրել փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որի շրաջանակում կհստակեցվեն  ծրագրերը, կքննարկվեն  իրականացման մեխանիզմները։

200