Երևանյան լճի և Հրազդան գետի մաքրման մասով քաղաքապետարանը մշակել և ավագանու կողմից հաստատվել է մի ծրագիր, որով պետք է բարեկարգվի և մաքրվի գետի և լճի ափամերձ հատվածները։ Ծրագիրը կիրականացվի  2022 թվականին։ Այս մասին այսօր՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը։
 
«Սա մեծ ծրագիր է, այս պահին նախագծման փուլում է։ Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հաստատման համար։ Բյուջեից պետք է գումար նախատեսվի դրա համար և 2022 թվականին մեծ ծավալի աշխատանք կիրականցվի», - նշեց պարոն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Երևանյան լճի և Հրազդան գետի ափամերձ հատվածներում մոտ 15 հեկտար վնասակար բույսեր կան, որոնցից ամեն մի բույս տարեկան գոլորշացնում է մոտ 300 լիտր ջուր։ Այս բույսերը աճում են գետի և լճի ափամերձ հատվածներում։ 

«Սկզբում պետք է մաքրվեն այդ հատվածները և, իհարկե, Հրազդան գետում և Երևանյան լճում միասին վերցրած մոտ 12-13 հազար տոննա աղբը, ինչից հետո նոր պետք է իրականացվի բարեկարգման աշխատանքներ՝ գետնի հարթեցում, լուսատուների տեղադրում» - նշեց պարոն Կարապետյանը։

Նրա փոխանցմամաբ՝ նաև պետք է ճաղավանդակների տեղադրում իրականացվի՝ Հրազդան գետի ափամերձ և դեպի Երևանյան լիճ ուղղվող մուտքի հատվածներում․ «Աղբաորս պետք է կատարվի։ Այսինքն՝ աղբը մուտք չի գործելու Երևանյան լիճ։ Ճաղավանդակները, ինչ-որ պարբերականությամբ,կմաքրվեն, որպեսզի այդ հավաքվածի աղբն ու թափոնները մուտք չգործեն դեպի լիճ»։

Այս տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլ ամսին իրականցվել է մեծ շաբաթօրյակ, որին մասնակցել են Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ու Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկների ավելի քան 550 աշխատակիցներ, ՀԿ-ներ և մեծ թվով Երևանի բնակիչներ։

«Շաբաթօրյակը իրակացվել է Հաղթանակ կամրջից մինչև Դավիթաշեն կամուրջ ընկած ամբողջ երկայքով, և միայն այդ հատվածից հավաքվել է ավելի քան 50 բեռնատար աղբ։ Այն մեր աշխատակիցների և քաղաքացիների կողմից տեսակավորվել է տեղում և, ըստ նշանակության, տեղափոխվել տարբեր վայրեր։ Կենցաղային աղբը՝ աղբավայր, իսկ թափոնները՝ ապակի, ստվարաթուղթ և պլաստիկ, տեղափոխվել են վերամշակվող կազմակերպություններ», -նշեց պարոն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Երևանյան լճի և Հրազդան գետի ափամերձ հատվածներում դեռևս հավաքված են մեծ քանակությամբ աղբ և թափոն, որն առաջանում է բնակիչերի և տնտեսվարողների կողմից նետված աղբի արդյունքում․ «Հրազդան գետի և Երևանյան լճի ափամերձ հատվածների իրավիճակը շատ կարևոր և ցավոտ հարցեր են մեր քաղաքի համար։ Դրանք լուծում են ոչ միայն երևանի ոռոգման ջրի խնդիրը այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի համար»։

21 Հուլիս, 2021 16:12
88
; ;