
Հայաստանում ալկոհոլային թունավորման դեպքերի թիվն ավելացել է 11–ով և հասել 38-ի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացերլ ենք երեկվա տվյալներով` Երևանում և Արմավիրի մարզում թունավորման 27 դեպք էր գրանցվել։ Թունավորվածներից 14–ը մահացել են։
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է եղել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երևանում տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։
Անհայտ ծագման օղին պատրաստած և վաճառած, Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։