ՀայՓոստը գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամար, որն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը և  հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն:

Վստահության հեռախոսահամարը ՀայՓոստ ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների և սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները և առաջարկները հայտնել և ստանալ հետադարձ կապ:  Հաճախորդները կարող են նաև նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ [email protected] հասցեին:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստ ընկերությունը զարգացման ռազմավարության շրջանակում նպատակ ունի  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձևավորմանը՝ իրականացնելով թափանցիկ և բաց գործունեություն: Վստահության հեռախոսահամարի գործարկումը հնարավորություն կտա ևս մեկ աստիճանով բարելավել հաճախորդների փորձառությունը և բարձրացնել գոհունակության մակարդակը»:

 ՀայՓոստի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանը նշում է,- «ՀայՓոստը մշտապես հոգ է տանում իր հաճախորդների մասին և ցուցաբերում է անհատական մոտեցում: Վստահության հեռախոսահամարի և Գլխավոր տնօրենին ուղղված էլեկտրոնային հասցեի գործարկումով վստահեցնում ենք՝ ՀայՓոստի հաճախորդների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց կստանա արձագանք և արդյունավետ լուծում»:

Վստահության հեռախոսազանգերին պատասխանելու են ՀայՓոստ ընկերության փորձառու մասնագետները, ովքեր օպերատիվ կերպով կարձագանքեն հաճախորդների հարցերին: Հաճախորդները կարող են կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

281