Այսօրվա գործադիրի նիստին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ին վարկաբեկելու միտում ունեն։ 

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈւ-երը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում (Սոթք, Խոզնավար տարածքում), այլեւ շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ի համակարգը։ 

«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ։ Սույն թվականի սեպտեմբերից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը։ Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, եւ ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ ԶՈւ-ի կողմից որեւէ սադրանք։ 

Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը  նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում՝ մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե հայ, թե ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում եւ սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս: Առկա իրավիճակը հաշվի առնելով ՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց։

Մանրամասները ՝ տեսանյութում։

1732