Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք արգելում են տեսանկարահանումներ կատարել եւ դրոններ օգտագործել սահմանամերձ գոտիներում (սահմանից 1 կմ հեռավորության վրա) առանց համապատասխան թույլտվության:

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաեւ նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ»,- նշեց Մելքոնյանը:

Մասնավորապես, արգելվում է այլ պետության տարածքի, ինժեներային կառույցների, սահմանապահների կողմից օգտագործվող օբյեկտների, աշտարակների, տրանսպորտի նկարահանումը։

«Այսօր, սահմանների փոփոխմամբ պայմանավորված, բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ», - հավելեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Այս օրենքի խախտումը վարչական բնույթ է կրելու ՝ մինչեւ 200 դոլար տուգանքի տեսքով (նվազագույն աշխատավարձի մինչև 100-պատիկի չափով)։

1217