![](https://araratnews.am/admin/images/1627987709.jpg)
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» նախագծի շրջանակում հուլիսի 29-31-ն իրականացրել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում թատրոնն այցելել է Բերդ, Ճամբարակ, Վարդենիս քաղաքների մշակույթի տներ և ցուցադրել «Անխելք մարդը» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա (ռեժիսոր՝ Ռուբեն Բաբայան)։ Ներկայացման ցուցադրությունից հետո երեխաները տիկնիկավար Աղասի Մելքոնյանի գլխավորությամբ հնարավորություն են ունեցել ծանոթանալու տիկնիկագործությանը։ Երեխաները թղթերի և փայտիկների միջոցով պատրաստել են Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարները։ Տիկնիկագործության վարպետության դասից հետո ժամանակակից մանկագիր Նաիրա Եդիգարյանը երեխաներին ներկայացրել է իր պոեմները, ինտերակտիվ հեքիաթները։
Տեղեկացնենք, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում կշարունակի իր նախաձեռնությունը սահմանամերձ այլ համայնքներում՝ Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, և Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի:
Նշենք, որ «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագրի նպատակն է հասանելի դարձնել հեքիաթային աշխարհը նաև սահմանամերձ համայնքներում ապրող փոքրիկների համար։