Լուսանկարը՝ Քերոլայն Լուպինիի

Forbes-ի 2023 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում նարառվել է նաև Հայաստանը։

Forbes Advisor-ը կազմել է լավագույն 50 ուղղությունների ցանկը 2023 թվականի համար։ Ուղղությունները տատանվում են հանգստյան օրերի  տարբերակներից մինչև ամենահեռավոր երկրներ։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է` պատմությամբ և մշակույթով հարուստ, այն ապշեցուցիչ լանդշաֆտների երկիր է` ներառյալ Կովկասյան լեռները և Սևանա լիճը, հարուստ է բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշալիքներով, ինչպիսիք են Գառնու տաճարը և Հաղպատի վանքը եւ այլն, որոնցից մի քանիսը ճանաչված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ 

Իսկ եթե դուք սիրում եք բնությունը, կարող եք վայելել արշավները այնքան, որքան ձեր սիրտը կամենա` Անդրկովկասյան արահետի 861 կիլոմետրով (535 մղոն), որն անցնում է Հայաստանով»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ երկիրը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով, որտեղ օգտագործվում են մի շարք թարմ խոտաբույսեր և համեմունքներ:

«Եթե դուք սիրում եք համեղ ուտել, բաց մի թողեք հենց հայկական ուտեստները՝ խաշ (ոսկորների շատ եփված արգանակ), տոլմա (խաղողի լցոնած տերևներ), մանթի (թխած պելմեններ) և, իհարկե, տնական թթու`  յուրաքանչյուր ճաշի հետ»,- եզրափակել է պարբերականը։

Քերոլայն Լուպինի, Forbes-ի խորհրդատվական աշխատակազմ

1064