Թուրքիայում մոլեգնած և չդադարող հրդեհները Հայաստանին քիչ են սպառնում։ Այս մասին ԱԻՆ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը։

«Թուրքիայում մոլեգնած հրդեհը, որ շաբաթից ավելի է չի դադարում, մեզ այս պահին քիչ է սպառնում, քանի որ մեր սահմանից բավականին հեռու է։ Բայց անտառածածկ տարածքներում հրդեհները շատ արդիական են Հայաստանի համար», – ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով` բոլորովին վերջերս մարվել է Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում ծագած հրդեհը։

«Նռնաձոր համայնքւմ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրինք, մնացել են փոքր ծխացող օջախներ, որ վստահ եմ` կարճ ժամանակում նույնպես կմարվեն։ Վտանգը կար, որ հրդեհը սահմանը կանցներ, բայց փրկարարների գրագետ աշխատանքի արդյունքում նման բան չեղավ», – ասել է ԱԻՆ պաշտոնյան։

Նա տեղեկացրել է, որ այսուհետ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ավելի ուժեղացված` երկու հերթափոխով։ Դա կապված է սահմանային հրդեհների հետ, և ուժեղացված ծառայությունը իրականացվելու է սահմանամերձ գոտիներում:

Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:

2479