«Մոսկվան ի՞նչ առաջարկներ է արել Երևանին դեմարկացիայի վերաբերյալ, որ ընդունելի է Հայաստանի համար»,- լրագրողի հարցին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ եթե Հայաստանի վարչապետի համար բոլոր առաջարկներն ընդունելի են, դա նշանակում է, որ այդ առաջարկները բխում են մեր շահերից: Սրանով ամեն ինչ ասված է: Դա կապված է նաև քարտեզների հետ: Եթե մեզ Հայաստանի վարչապետն ասում է, որ ընդունելի են, դա նշանակում է նաև, որ 0-ական կետն է, չէ՞, ընդունելի: Ուրեմն այդ կետը մենք պետք է կարողանանք պահել, եթե այդ կետի գոյությունն ամրապնդվում է, հաստատվում է: Եվ պետք է անմիջապես մտնել դեմարկացիայի և դելիմիտացիայի դաշտ»: 

Պարզաբանելով՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «0-ական կետը այն իրավական հենքն է, որտեղից պետք է ասես՝ այ, էս գիծը որտեղով պետք է անցնի»:

Խոսելով քարտեզների մասին՝ նա լրագրողին հարցրեց. «Իսկ ո՞ր թվականի քարտեզն է ձեզ նենց ավելի դուրեկան: Կան քարտեզներ, որ պետք է ունենան իրավական հիմք՝ հաստատված միջազգային կառույցների կողմից: Իհարկե, 20-ականների քարտեզը մեզ տալիս է բանակցելու և ակնկալիք ունենալու հնարավորություն: Հիմա պետք է գնա այդ պրոցեսը, բայց շատ հասարակական կառույցներ կան, որ ասում են՝ չէ, մի հատ բերեք մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու, բերեք, ես պիտի տեսնեմ՝ էդ ինչ քարտեզներ են»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ ինչ-որ պահից որևէ բան գաղտնի չի լինելու. «Բայց ինչ-որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու է գաղտնի: Գործընթացն էդպես է: Ինչի՞, նախկինում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ամեն ի՞նչ էր ձեզ հասանելի, կամ դուք մտածո՞ւմ էիք, թե ինչ են բանակցում ԱԳ նախկին նախարարները՝ մինչև ֆուտբոլային դիվանագիտության պրոցեսի մասին հայտարարելը»

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե իշխանություն է փոխվել, Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Մեր իշխանությունը պահում է իր ամենակարևոր խոստումը՝ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու, և դրա համար էլ ինքը ստացել է այդ քվեն»: 
 

1836