2020 թվականն իսկապես չարաբաստիկ տարի էր բոլորիս համար։ Պատուհասած քովիդը, այնուհետև պատերազմը հազարավոր կյանքեր խլեցին։ Ու այս համատարած ցավին մի մեծ ցավ էլ ավելացավ։ Մեկ տարի առաջ նոյեմբերի 13-ին ընդհատվեց մեր սիրելի Սոնայի երկրային կյանքը։

Այդ օրը երկար սպասեցինք Սոնային, բայց այդպես էլ մեր ընկերը, շատերիս թևութիկունքն այդպես էլ խմբագրություն չհասավ։ Աշխատանքի գալու ճանապարհին ողբերգական ավտոէթարի ցոհ դարձավ, լույս դարձավ մեր լույս Սոնան։


Սոնա Դավթյանը արհեստավարժ լրագրող էր՝ պրպտող, գերակտիվ, նպատակասլաց։ Լրագրողի ուժեղ հոտառությամբ կարողնում էր նյութեր պատրաստել հանրային հնչողություն տալով հասարակությանը հուզող թեմաներին։ 

Ակտիվ լուսաբանում էր հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտները, իսկ իրավական ոլորտը նրա տարերքն էր։ Քանզի նրա համար մարդու  իրավունքը գերակա արժեք էր։ Սոնան մասնագիտությունը ծառայեցնում էր հանուն հասարակության բարօրության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության և միշտ կանգնում էր այն մարդկանց կողքին, ովքեր ունեին իր աջակցության կարիքը։ Իր կապերն օգտագործում էր ամենատարբեր անձանց օգնելու համար։ 

Սոնան պաշտում էր Հայրենիքը։ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր պատերազմի ամենաթեժ պահերին արցունքներն աչքերին հոդված գրում, ինքն իր հետ կռիվ տալիս, քննարկում ստեղծված իրավիճակը` փորձելով ելքեր փնտրել։ Հիշում եմ, ինչպես էր խիստ տոնով ասում՝ պետք է բոլորս էլ առաջնագիծ գնանք՝ կամ մահ, կամ խաղաղություն…

Սոնան մեր խնբագրության ոգին էր. Իր ուրույն կարծիքով, անզիջում ու հստակ բնավորությամբ, կրակոտ խառնվածքով, փոքր ինչ ինքնամփոփ ու  միաժամանակ վարակիչ ծիծաղով։ Հույսդ միշտ կարող էիր նրա վրա դնել, որովհետև ազնիվ էր, պարկեշտ, չափազանց ճշտապահ ու պատասխանատու: 
Մեկ տարի է մեր Սոնան էլ մեզ հետ չէ. Այս իրողության հետ համակերպվել չի լինում։ Բայց Սոնան միայն ֆիզիկապես  միշտ մեզ հետ չէ: Մեր զրույցներում ու քննարկումներում մշտապես Սոնան կա։ Ու երբեմն թվում է՝ ինչ որ պահի կբացի խմբագրության դուռն ու ներս կմտնի …
Ցավոք իրականությունն այլ է: ՈՒ անքննելի են Աստծո գործերը։ Մենք` գործընկերներս, Սոնայի հարազատներն ու մտերիմները միայն կարող ենք  մխիթարվել նրա մասին պայծառ ու ջերմ  հուշերով ու նաև այն պարզ գիտակցումով, որ ի վերջո Սոնան կա մեր կյանքում և այդպես կլինի միշտ: Ինչպես ասում են՝ մարդն ապրում է, քանի դեռ հիշում են նրան, իսկ մենք գրեթե ամեն օր ենք քեզ հիշում մեր սիրելի Սոնա...

Հայկ Մագոյան


5706