Ոստիկանության ծառայողները բացահայտել են օգոստոսի լույս 4-ի գիշերը վարկային կազմակերպության Իջևանի մասնաճյուղում կատարված ավազակությունը. մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել է, որ Իջևանի Երևանյան փողոցում գործող վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։ Պարզվեց հետևյալը․ վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնացել էր ու փող պահանջել։ Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել էր ահազանգման ոտնակը, տղամարդն էլ փախել էր՝ պահանջած փողը չստանալով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողները հանցագործության բացահայտման նպատակով ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու իրականացրել քննչական գործողություններ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտման միջոցառումներին միացել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։

Նշվում է. որ քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան է, Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ։ Նա դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ 31-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել։ Բացի այդ, նա իրավապահներին է ներկայացրել ավազակության ժամանակ հագած տաբատն ու վերնաշապիկը՝ հայտնելով, որ ձեռնոցները, դիմակն ու խաղալիք նռնակը գցել է Աղստև գետը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ, քննչական փորձարարություն, դատավարական այլ գործողություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

425