AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Հովհաննեսյանն է:

Աննա, բժշկությունը վտանգավոր, պատասխանատու, ժամանակատար, մշտապես զարգացող ոլորտ է: Ինչպե՞ս նախապատվությունը հենց այդ  մասնագիտությանը տվեցիք:

Բժիշկ դառնալ երազել եմ դեռ մանկուց։ Ցանկանում եմ օգնել մարդկանց, և այդ ձգտումն ինձ ուղղորդել է դեպի բժշկություն։

Կթվարկե՞ք այն ոլորտները, որոնցում կարող է մասնագիտանալ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտը: Անձամբ Դուք ո՞ր ուղղությամբ եք ծրագրում շարունակել ուսումը:

6 տարի ընդհանուր բժշկություն ուսումնասիրելուց հետո բժիշկ շրջանավարտը ընտրության լայն հնարավորություն ունի՝ մասնագիտանալու իր համար հոգեհարազատ ոլորտում։ Ինքս մտադիր եմ հետագայում շարունակելու ուսումս՝ որպես բժիշկ գինեկոլոգ։

Ի՞նչ առաջնահերթ տեղեկատվության պետք է տիրապետի այն ուսանողը, որը ԵՊԲՀ առաջին կուրսում է սովորում:

Դեռևս դպրոցից պետք է հնարավորինս շատ գիտելիքներով զինվել, առաջին կուրսում դրանք իսկապես շատ են օգնում ուսանողին՝ հեշտ և հետաքրքիր հաղթահարելու։

Մի փոքր կխոսե՞ք ապագա բժշկի փորձաշրջանի գործընթացից: Դուք ո՞ր հաստատությունում եք անցել Ձեր փորձաշրջանը:

Բացի տեսական գիտելիքներից, ապագա բժշկի համար բավականին մեծ նշանակություն ունեն կազմակերպվող պրակտիկաները, որոնք անցկացվում են դասերի ընթացքում, բացի այդ ունենք նաև պրակտիկաներ ամռանը։ Ամառային պրակտիկայի պարագայում վայրը և բժշկական կենտրոնն ընտրում է ուսանողը։ Ես անցկացրել եմ ծննդավայրումս, Սիսիանի բժշկական կենտրոնում։

Օտար լեզվի իմացությունն այսօր ցանկացած ոլորտում կայանալու ու զարգանալու համար հրամայական է դարձել: Դուք անձամբ քանի՞ օտար լեզվի եք տիրապետում: Համալսարանում քանի՞ տարի է հատկացվում օտար լեզվի դասավանդմանը:

Բժշկության ոլորտում առանցքային դեր ունի օտարալեզու մասնագիտական գրականությունից օգտվելը։ Անձամբ տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ինչ վերաբերում է համալսարանին, նշեմ, որ օտար լեզուներ ուսումնասիրում ենք առաջին կուրսում։

Այսօր պացիենտները, ինչպես նաև բժիշկները զգում են առողջապահական իրավունքի մասնագետի անհրաժեշտությունը: Նման առարկա ԵՊԲՀ-ում ուսումնասիրու՞մ են:

Անշուշտ, չափազանց կարևոր է, որ թե՛ բժիշկը, թե՛ պացիենտը քաջատեղյակ լինեն իրենց իրավունքներից, և ես ուրախ եմ, որ երրորդ կուրսում դասավանդվող «Առողջապահական իրավունք» առարկան այդ ամենին ծանոթանալու և ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռել ինձ։

Կխոսե՞ք ԵՊԲՀ-ում ուսանողական կյանքի առանձնահատկություններից:

Վստահաբար կարող եմ ասել, որ կյանքիս լավագույն, հետաքրքիր և ձեռքբերումներով լի իրադարձությունները կապված են համալսարանիս հետ, և թեպետ բարձր կուրսերում դասընթացը ցիկլային ձևաչափով է կազմակերպվում կլինիկաներում, միևնույն է, կարոտում եմ համալսարանի դասերը, հաճախ այցելում ամբիոններ, հանդիպում հարազատ դարձած դասախոսներիս։

Բժշկական համալսարանում կարդացվող դասընթացներից որո՞նք են Ձեզ վրա հատկապես տպավորություն գործել:

Յուրաքանչյուր դասընթաց անհամեմատելի կարևոր հետք է թողել իմ կյանքի վրա որպես ապագա բժիշկ և պետք է փաստեմ, որ ինձ դասավանդել են մեր ոլորտի լավագույն մասնագետները։ Բժիշկը պետք է նաև հոգեբան լինի և տիրապետի բժշկական դեոնթոլոգիային, որպեսզի փոխադարձ վստահության մթնոլորտ լինի իր և պացիենտի միջև, որն էլ ուսումնասիրել ենք իմ շատ սիրելի բժշկական հոգեբանության ամբիոնում։

Աննա, ո՞ր առարկաներից եք ընդունելության քննություն հանձնել: Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա այդ առարակայացանկում փոփոխություններ կկատարեի՞ք:

Ընդունելության քննություններ հանձնել եմ կենսաբանություն և քիմիա առարկաներից։ Փոփոխություն չէի անի, քանի որ որպես բնագիտական առարկաներ, 2-ն էլ մեծ նշանակություն ունեն։

Ուսումնառության շրջանում մասնագիտական գրականության ձեռք բերման հետ կապված խնդիրներ առաջանու՞մ են:

ԵՊԲՀ ուսանողի համար բացի այն, որ գործում է գրադարանը, որտեղից վերցնում ենք համապատասխան գրականությունը, գոյություն ունի նաև թվային գրադարան, և եթե այդ պահին տվյալ նյութն անհրաժեշտ է, օնլայն տարբերակով կարող ես հեշտությամբ գտնել։

Օլյա Շահինյան

 

122615