
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Հռիփսիմե Էքիզյանն է:
Հռիփսիմե, գաղտնիք չէ, որ բժշկի մասնագիտությունը պահանջում է բարձր պատասխանատվություն և անձնուրաց նվիրում: Անձամբ Դուք ունե՞ք պահանջվող այն հոգեբանական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են արհեստավարժ ու կոմպետենտ բժիշկ լինելու համար: Ըստ Ձեզ, որո՞նք են դրանք:
Այո, բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը, հետևաբար՝ խոր գիտելիքները և կլինիկական մտածելակերպը դեռ բավական չէ:
Ինչպես ասել է իսպանացի մի նշանավոր բժիշկ` «Միայն բժշկություն իմացող բժիշկը նույնիսկ բժշկություն էլ չգիտե»: Ըստ իս, բժշկի կոչմանը արժանանալու համար անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հոգատարությունը, անձնվիրությունը, անսահման բարությունը, ուրիշին օգնության հասնելու ձգտումը, ինչպես նաև ներքին բարձր կուլտուրան:
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով «Հայոց լեզվի» միասնական քննությունը կդառնա պարտադիր: Ի՞նչ եք կարծում, ապագա բժշկի համար մայրենի լեզվից միասնական քննութուն հանձնելը պարտադի՞ր է: Ձեր ընդունելության տարում նման օրենք չկար, և Դուք միայն երկու առարկայից եք միասնական քննություն հանձնել: Սա չի՞ բարդացնում ԵՊԲՀ դիմորդի գործը:
Միանշանակ չեմ կարող պատասխանել այս հարցին։ Ճիշտ է, մենք չենք հանձնել միասնական քննություն մայրենի լեզվից, սակայն ունեցել ենք դպրոցական տարիներից բավականաչափ գիտելիքներ, և դրանք հղկվել են ԵՊԲՀում։ Այնտեղ մեկ տարվա ընթացքում դասախոսների կողմից շեշտադրվել են հենց բժշկին անհրաժեշտ նրբությունները: Ամեն դեպքում իհարկե ևս մեկ միասնական քննության ավելացումը կբարդացնի դիմորդի գործը։
Ուսումնառության ընթացքում, ըստ Ձեզ, ամենաբարդ շրջանը ո՞րն է եղել: Առհասարակ որո՞նք են սերտողության տեսանկյունից բուհում դասավանդվող բարդագույն առարկաները:
Մինչև համալսարան ընդունվելը լսել էի ուսանողներից 3-րդ կուրսի բարդ լինելու մասին: 3-րդ կուրսի սկզիզբը սթրեսային էր, մտածում էի այլևս չեմ մնա անվճար համակարգում, բայց մտնելով պրոցեսի մեջ, շատ սիրելով դասախոսներին, լսելով նրանց խորհուրդները, դարձավ հաղթահարելի: Բոլոր առարկաներին էլ յուրովի մոտեցում է անհրաժեշտ, ամեն մեկն ունի իր բարդ կողմերը, ուստի որևէ մեկը դժվարանում եմ առանձնացնել որպես ամենաբարդ։
Ի՞նչ սկզբունքով են ԵՊԲՀ-ում կազմակերպվում միջանկյալ ստուգումներն ու ավարտական քննությունները:
Մինչև 4-րդ կուրս յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հանձնում էինք ստուգարքներ և ամփոփում համակարգչային քննությամբ: 4-րդ կուրսից սկսած սովորում ենք ցիկլային համակարգով և յուրաքանչյուր ցիկլի ավարտին հանձնում ենք համապատասխան առարկայի քննությունը:
Առհասարակ, ո՞ր հաստատություններում են անցնում ապագա բժիշկների պրակտիկան:
4-րդ կուրսից սկսած՝ դասերն անցկացվում են հանրապետության լավագույն կլինիկաներում, մեզ հետ անձամբ դաս են անցկացնում և իրենց մասնագիտական փորձով կիսվում բազմաթիվ փորձառու բժիշկ-դասախոսներ։
Հետագայում բժկության ո՞ր ուղղությամբ եք ցանկանում մասնագիտանալ:
Մանկուց իմացել եմ, որ հենց բժիշկ եմ դառնալու, բայց թե որ ուղղությամբ կմասնագիտանամ, պատկերացում չունեի: 3-րդ կուրսում հետաքրքրություն առաջացավ սրտաբանության հանդեպ, իսկ այդ ամռանը որոշեցի անցնել պրակտիկ դասեր և հասկանալ՝ կմասնագիտանամ այդ ուղղությամբ, թե՞ ոչ։
Բժիշկս էլ ավելի մեծ սեր ու հետաքրքրություն սերմանեց, նրա տված գիտելիքներն ու փորձն անգնահատելի էին, և հիմա ինձ այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացնում:
Բժշկական համալսարանում դասավանդվող առարկաների գրականությունը մայրենի լեզվով հասանելի՞ է: Ըստ Ձեզ, անընդհատ զարգացվող ու արդիականացվող աշխարհում բժշկի համար օտար լեզուների տիրապետելը հրամայակա՞ն է դառնում: Անձամբ Դուք քանի՞ օտար լեզվի եք տիրապետում:
Այո, ամբողջ գրականությունը և քննական նյութերը հասանելի են մայրենի լեզվով՝ թարգմանված տարբեր արտասահմանյան գրականություններից:
Թե որպես ուսանող և թե արդեն որպես կայացած մասնագետ՝ բժիշկը պետք է մինչև կյանքի վերջ սովորի, թարմացնի ու խորացնի գիտելիքները, լինի տեղեկացված ամեն վայրկյան զարգացող ու փոփոխվող բժշկական աշխարհից, հետևաբար շատ կարևոր է օտար լեզուներին տիրապետելը:
Ես տիրապետում եմ 2 օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն), իսկ այժմ փորձում եմ դասերի հետ մեկտեղել նաև գերմաներենի պարապմունքներ:
Մեր հասարակության մեծամասնությունը միաձայն նշում է, որ Բժշկական համալսարանում սովորելը բարդ է: Անձամբ Դուք ինչպե՞ս եք համակարգում Ձեր գրաֆիկը: Գուցե փորձով կիսվե՞ք կրտսեր կուրսերի ներկայացուցիչների հետ:
Բոլոր մասնագիտությունների մեջ բժշկական կրթությունը ամենաերկարատևն է և ամենախրթինը, ուստի ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք։ Ես փորձում եմ օրս մաքսիմալ արդյունավետ օգտագործել, պլանավորելով հաջորդ օրվա անելիքներս, առաջնահերթությունը տալով դասերին, իսկ եթե շաբաթվա ընթացքում ինչ-որ բան չեմ հասցնում, լրացնում եմ հանգստյան օրերին։
Վստահ եմ, որ շատերին է հուզում այս հարցը. ի վերջո, ԵՊԲՀ-ում ուսումնառության շրջանը` կախված մասնագիտացումից, քանի՞ տարի է կազմում:
Նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում 6 տարի տևողությամբ և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը: Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները, իսկ բակալավրիատի մնացած տարիներին` կլինիկական գիտությունները: Այնուհետև ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում` բժշկագիտության որևէ նեղ բնագավառում 2-4 տարի տևողությամբ ըստ մասնագիտացման:
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ԵՊԲՀ ապագա ուսանողներին:
Որպես ավագ ընկեր խորհուրդ եմ տալիս օգտագործել ամեն օրը որպես մի նոր հնարավորություն՝ քաղելու բազում գիտելիքներ մեր հմուտ բժիշկ-դասախոսներից։ Եվ շարժվել առաջ հետևյալ գաղափարով՝ բժշկի համար բժշկությունը ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է։
Օլյա Շահինյան