«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30։

Բարեփոխումների արդյունքում՝ արդեն իսկ առաջին շահառուն ստացել է 4 մլն դրամ աջակցություն՝ երրորդ երեխայի ծննդով պայմանավորված։ Գումարը տրամադրվել է, հաշվի առնելով այն, որ ծրագրին դիմելու պահին քաղաքացու տարիքը չի գերազանցել 30-ը՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն։ 

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,547 շահառու, ընդհանուր առմամբ՝ վճարվել է շուրջ 1 մլրդ 81 մլն դրամ։ Դիմողների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները համալրվել են ևս 420 մլն դրամով։

Հիշեցնենք, որ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի» շրջանակում 2021 թ․ ընթացքում մեղմացվել են որոշ պարտադիր պայմաններ ևս։ Մասնավորապես՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ՝ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պահանջով։ Այսինքն, եթե երեխայի ծնվելուց հետո, շահառուն չունի հիփոթեքային վարկի առնվազն 12 ամիս մարում, նա կարող է սպասել և լրացնել մարումների սահմանված քանակը, բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Եթե մարումների սահմանված քանակը լրացել է երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո, քաղաքացին ծրագրից օգտվել չի կարող։

706