Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 31-ին կազմակերպել էր հանդիպում  վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խաղողի մթերումների իրականացմանը վերաբերող հարցերն ու խաղողագործության ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է խաղողի մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու համար ընթացիկ հարցերի քննարկումն ու պարզաբանումը և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը։  

Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պետության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում իրականացված փոփոխություններն ու ընթացակարգերը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր հերթին տեղեկացրել է, որ բանկերում գրավի խնդիրը մեղմելու նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակում առաջին անգամ վերամշակողներին կտրամադրվի 50%-ի չափով պետական երաշխիք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի մարքեթինգին և բրենդավորմանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինու և կոնյակի ճանաչելիության ու մրցունակության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ընկերություններում առկա խնդիրներն ու խոչընդոտները, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ տրվել են պատասխաններ ու պարզաբանումներ։

Առանձին անդրադարձ է կատարվել Վրաստանի տարածքով կոնյակի սպիրտ և գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներին, արտաքին շուկաներում հայկական գինիների անխոչընդոտ վաճառքի կազմակերպմանը։

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է   հայկական գինիների ճանաչելիության բարձրացման և գինեգործական տուրիզմի զզարգացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը, որոնց թվում է առաջիկայում նախատեսվող գինեգործության վրա հիմնված ագրոտուրիստական խոշոր կենտրոնի ստեղծումը։

191