ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանը փորձում է զարգացնել էլեկտրամոբիլների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էկոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։ Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Այսպիսով՝  2019 – 668 տ/մ,  2020 – 2155 տ/մ,  2021 (առաջին կիսամյակ) – 2468 տ/մ Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը»։ 

1553