Հայաստանի ազգային հավաքականն այսօր աշխարհի 2022 թվականի առաջնության J խմբի 6-րդ տուրի շրջանակում Երևանի «Հանրապտետական» մարզադաշտում կհյուրընկալի Լիխտենշտեյնի ընտրանուն: 

Շտուտգարտում Գերմանիայի հավաքականից կրած ցավալի պարտությունից հետո մեր ընտրանու մրցակիցը խմբի հետնապահն է՝ Լիխտենշտեյնը, որը 5 մրցափուլից հետո վաստակած որևէ միավոր չունի: 

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բունդեսթիմի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ինչը, անկասկած, մեծ կորուստ է թիմի համար: Համբարձումյանից բացի առաջիկա խաղի վերջնական հայտացուցակից բացակայում են նաև դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպան Հրայր Մկոյանը, կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն և հարձակվող Դավիդ Դավիդյանը:

Դեռևս սեպտեմբերի 6-ին հայտնի էր դարձել, որ Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են: Այսպիսով, «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, ինչը չի կարող չուրախացնել: Նախորդ արդյունքից հետո մեր տղաներն ունեն երկրպագուների աջակցության կարիքը: Այդ հանգամանքը նախախաղային ասուլիսի ժամանակ կարևորեց նաև Խոակին Կապառոսը: 

Հայաստանի հավաքականն այժմ 10 միավորով զբաղեցնում է J խմբի 2-րդ հորիզոնականը և դեռևս լավ հնարավորություններ է պահպանում՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ ուղեգիր նվաճելու համար: Առաջիկա խաղում խոշոր հաշվով հաղթանակ տանելը մեզ համար բավական կարևոր է, քանզի այն հոկտեմբերին և նոյեմբերին կայանալիք որոշիչ հանդիպումներից առաջ մեր տղաներին կվերադարձնի սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: 

Ավելացնենք, որ Հայաստան - Լիխտենշտեյն խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: 

 

Աղբյուր՝ footballam.com

801