Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում օգոստոս ամսից ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են 4 փողոցի սալարկման և 10 թաղամասում ոռոգման ջրատար առուների կառուցման շինարարական աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Սալարկվող փողոցների ընդհանուր մակերեսը կազմելու է 6500 քառակուսի մետր։ Սալարկումը կատարվելու է տուֆ քարով։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները, փողոցները նախապատրաստված են սալարկման։

Ջրատար առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Առուների կառուցման ընդհանուր երկարությունը կազմում է 2500 գծամետր։ Դրանք կառուցվում են երկաթյա կիսախողովակներով։ Արդեն կառուցված է 300 գծամետրը։ Երկու ծրագրի շինարարական աշխատանքներն էլ նախատեսված է ավարտել այս տարվա վերջերին։

135