Երկու պատերազմների արանքում մի ամբողջ կյանք, պատմություն ու հիշողություն կա: Ու այս պատմությունը հենց այդ հիշողությունների, պատերազմից պատերազմ ապրածի մասին է:

Նորհաճնեցի Արմեն Իսախանյանը սրանից 30 տարի առաջ որպես կամավորական մասնակցեց 1990-1994 թթ. Արցախյան գոյամարտին` անցնելով պատերազմի դժոխքի միջով: Անգամ վիրավորվեց, բայց մինչև վերջ մնաց մարտական ընկերների կողքին և միայն պատերազմի ավարտից հետո եկավ Գորիս ու ընտանիք կազմեց սիրած աղջկա` Անուշի հետ:  «Երբ պատերազմն ավարտվեց, հայրս պետությունից հող ստացավ Արցախում` Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում: Հենց այդ հողում էլ տուն  կառուցելու որոշում կայացրեց` վճռելով`կապրի և Գորիսում, և Արցախում:  Հաշվառվեց Արցախում: Մայրս ծնունդով  Գորիսից է: Երբ պատերազմի ժամանակ հայրս վիրավորվում է, նրան տեղափոխում են Գորիս: Հորս մորաքույրը Գորիսում էր ապրում` մամայիս հայրական տնից մի քանի տուն այն կողմ: Հենց ապաքինվելու ընթացքում էլ հասցնում է ծանոթանալ ու հավանել մորս: Մինչև նորից ռազմաճակատ կմեկներ` նշանվում են, իսկ 1994-ին`պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադառնում է ու ամուսնանում», պատմում է Միքայելը`Արմենի ավագ որդին:

Ամուսնությանը հաջորդում են երկու որդիների`Միքայելի ու Արմանի ծնունդները:  Ավելի է ամրանում Արմենի նորաստեղծ ընտանիքը: «Հայրս վարորդ էր: Շատ լավ հասկանում էր մեքենաներից: Մեխանիկ էր: Իր արդար քրտինքով կարողանում էր պահել տունը: Հայրս աշխատում էր` բարեկեցիկ կյանք ապահովելով մեզ համար: Ես ու Արմանը ընկերություն էինք անում հորս հետ: Մենք լավ մանկություն ենք ունեցել: Լավ կրթություն ենք ստացել: Միշտ միասին էինք քննարկում ընտանիքի հետ կապված հարցերը, ապագայի հետ կապված պլաններ էինք մշակում: Հայրս մեր ուժն էր, մեր թև ու թիկունքը: Մեզ իսկական հայ տղա էր դաստիարակում` հայրենասիրություն սերմանելով նաև մեր մեջ: Պատերազմի մասին չէր խոսում, հարցերիս չէր պատասխանում: Խիստ էր, միևնույն ժամանակ՝ բարի ու համբերատար, բարեկամասեր, ընկերասեր ու մարդասեր: Մենք երջանիկ էինք, միասնական, իրար հետ սիրով:  Մեր տունը լիքն էր ջերմությամբ ու հոգատարությամբ: Հայրս Գորիսից Արցախը ջրի ճամփա էր սարքել: Մենք էլ նրա հետ գնում-գալիս էինք ու մեզ դուր էր գալիս հորս ստեղծած կյանքը»:

Արցախյան առաջին պատերազմից երեսուն տարի անց, սեպտեմբերի 27-ին, կիրակի վաղ առավոտյան, բերքահավաքի եռուն շրջանում, երբ գյուղացին այգիներում ու արոտավայրերում էր, երբ քաղաքացին քնած էր աշխատանքից հոգնած, երկինքը կրկին որոտաց արկերի կրակահերթից ու ռումբերի պայթյուններից: Էլի պատերազմ էր:  

Թե Արմենն այն ժամանակ անփորձ երիտասարդ էր ու չգիտեր պատերազմի դաժանությունը, առաց մեկ վայրկյան մտածելու կամավորագրվել էր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, այս անգամ ամեն բան այլ էր: Նա գիտեր՝ ինչ է նշանակում պատերազմ, քանզի տեսել էր, թե ինչպես են իր  աչքի առաջ զոհվում մարտական ընկերները, ինչ է կատարվում ռազմի դաշտում: Թեև նա ոչ մի բառ չէր պատմել պատեազմի մասին ու էլի պատրաստ էր զենք վերցնել ու կռիվ տալ, բայց որդիներին հայրենասեր էր մեծացրել ու շատ լավ գիտակցում էր`մինչև ինքը` հերթում Միքայելն ու Արմանն են:

«Պատերազմը երբ սկսվեց, ընտանիքով Աղավնոյում էինք: Հայրս կնոջս, երեխայիս ու մորս անմիջապես  տարավ Գորիս: Իսկ մենք գյուղում էինք: Սեպտեմբերի 28-ին եղբորս Բերձորի զինկոմիսարիատից կանչեցին, քանի որ ինքն էլ Արցախի գրանցում ուներ, իսկ ամսի 29-ին առանց մեկ վայրկյան մտածելու հայրս գնաց եղբորս հետևից, հետո նաև` ես: Մինչև հոկտեմբերի 15-ը երկու-երեք օրը մեկ զրուցել ենք: Ես անընդհատ ուզում էի հորս մոտ գնայի, բայց չէր թողնում: Ասում էր` անպայման Արմանից հետաքրքրվի, հնարավորության դեպքում եղբորդ մոտ գնա: Քանի որ հայրս առողջական խնդիր ուներ` երիկամներից մեկը չէր գործում, ու գիտեի, որ անընդհատ ցնցումներ էր ունենում, ցանկանում էի կողքը լինել»,- պատմում է Միքայելը ու հիշում հոր հետ վերջին խոսակցությունը. «Երբ վերջին անգամ զանգեց ինձ, Ֆիզուլի 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում էին: Մոտ 400 հոգանոց խմբով էին: Հոկտեմբերի 16-ի առավոտյան բաժանվել են երեք խմբի: Մոտ հարյուր հոգանոց խմբով շարժվել են Կիրակնաշուկա (Ղարղաբազար) կոչվող գյուղ` Ֆիզուլիից դեպի հարավ: Երբ հասել են նշված վայրը, ճանապարհի երկու բլուրների մոտ ինտենսիվ մարտեր են սկսվել: Մի մասը առաջին հիսուն րոպեի ընթացքում են զոհվել, որոշներն էլ երեկոյան կողմ, հինգ-վեց հոգի էլ գերի են ընկել: Հոկտեմբերի 17-ին զոհվեց նաև հայրս` որովայնի հատվածում  ստացած բեկորային վնասվածքից»: 

Դեպքի մասին ընտանիքի անդամներն իմացել ենք նոյեմբերի 26-ին, երբ ադրբեջանցիները տեսանյութ էին հրապարակել` ճանաչել են։ Դրանից հետո սկսել են որոնել: «Մոտ չորսուկես ամիս փնտրել ենք: Փետրվարին հայտնաբերվել է մարմինը, ապա հուղարկավորվել  Գորիսի Տեղ գյուղում: Ինքն էր այդպես ուզում: Հիշում եմ, երբ հոկտեմբերի 8-ին խոսում էինք, խնդրեց, որ եթե ինչ-որ վատ բան լինի իրեն, պապիկիս մոտ հուղարկավորենք»,-կսկիծով պատմում է Միքայելը:

Պատերազմն ավարտվել է: Մնացել է ցավը, դատարկությունը, հիշողությունն ու պատմությունը: Թեև անասելի ծանր է կորուստը, բայց կյանքը շարունակվում Է: Երեքամյա Մարկը վազվզում է, խաղում ու ժպիտ պարգևում տատիկին` տիկին Անուշին: Միքայելի մայրն էլ, կսկիծը ժպիտի տակ թաքցրած, մխիթարվում է թոռնիկով:

Պատերազմն ավարտվել է, ու կյանքը շարունակվում է, ու պիտի շարունակվի, որ մեր երկրում փոքրիկներ ծնվեն ու ապրեն խաղաղ հայրենիքում: Հույսով, որ կյանքը էլ երկու պատերազմների արանքում չի լինելու...

Հայկ Մագոյան

2061