
Անկախ Հայաստանի 31-րդ տարին մտավ իր լիիրավ իրավունքների մեջ: Անցած 30 տարիները պատմության համար ակնթարթ էին, բայց վերարժևորումների, ապագան նախանշելու և պատմության դասերը սերտելու առումով՝ երկար։
Մենք` հայերս, սիրում ենք անընդհատ հղում անել պատմությանը, հպարտանալ Տիգրան Մեծով, ծովից ծով Հայաստանով, Վիկտոր Համբարձումյանով ու Արամ Խաչատրյանով, հիշել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց մենք` այսօրվա հայերս, ի՞նչ ենք արել այս 30 տարիների ընթացքում, որպեսզի մեր գալիք սերունդներն էլ մեր ապրած պատմության տարիները հիշեն հպարտությամբ։ Մենք այդպես էլ չսովորեցինք քաղել պատմության դասերը և շարունակում ենք նույն անկախության գաղափարը խեղդել կեղծ պաթոսով ու անպատասխանատու հայրենասիրությամբ: Հայրենասիրությունը մեր ազգի միասնականության մեջ է` նորը ստեղծելով, աշխարհին յուրովի ներկայանալով։ Աշխարհը հային չպետք է ճանաչի միայն որպես ցեղասպանություն տեսած ժողովուրդ։
Պատմությունը կրկնվում է, իսկ անկախության 30-րդ տարեդարձի միայն նշման ձևի շուրջ ծավալված դիսկուրսը այս նույն երեսունից գոնե քսան տարիներին գեներացված ստի ու կեղծիքի խտացումն էր: Անկախության գաղափարը սեփականաշնորհած և ժողովրդի վրա չափազանց թանկ գնով վաճառածներին հանգիստ չի տալիս իրենց իշխանության կորստի փաստը: Այս մարդիկ գործում են ոչ թե հանուն, այլ` ի հեճուկս Հայաստանի: Ոչ թե, որ շատ կամ քիչ են սիրում Հայաստանը, այլ իրականում չեն կարողանում հաշտվել իրենց քաղաքական պարտության հետ եւ դրանով պայմանավորված` անհագ ատելությամբ են լցված այսօրվա իշխանությունների հանդեպ։
Այո, պարտվեցինք անհավասար պատերազմում։ Այստեղ թերևս կարելի է դարձյալ հղում անել պատմությանը: Տիգրան Մեծը, որը պատմության մեջ մնացել է որպես աշխարհակալ հայ արքա, զիջեց իր գրաված տարածքները՝ փոխարենը պահելով Մեծ Հայքը: Վասակը նույնպես մտածում էր Հայաստան ունենալու մասին, բայց թե նրա խոհերի Հայաստանն ինչ ընդհանրություն ուներ հայության ընդհանուր շահի հետ` այդ էլ պարզ է: Երեկվա միջոցառումը իր որակական հատկանիշներով ու արձագանքներով և այսօրվա քար լռությամբ ցույց տվեցին, որ Վասակի ճանապարհով գնացողներն այլևս ընդունելություն չեն գտնում հայ հասարակության կողմից: Նրանք իրենց քայլերով ընդամենը ևս մեկ քար ավելացրեցին իրենց վերջնական մարգինալացման պատին: Հայաստանը կոտրված է, արնահոսում է, ինչը ոչ ոք չի էլ փորձում ժխտել, բայց գոնե այս գնով պետք է հասկանանք անկախության արժեքը, ճիշտ գնահատենք մեր ռեսուրսներն ու հնարավորությունները և կառուցենք նորը` զերծ պաթոսից, կեղծ ու անպատասխանատու հայրենասիրությունից: