«Ընդհանուր, եթե նայենք զորաշարժի ընթացքին և դրա պատճառներին, ապա մի քանիսն են: Նախ շատ կարևոր է, որ ինքը գործնականում զորավարժություն է, սակայն չհայտարարվեց որպես զորավարժություն: Այսինքն` Իրանը դա արեց առանց պաշտոնական հայտարարության և ներառեց ինչպես Իրանի բանակի և  Հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներ, որոնք գործառութային առումով  միմյանցից տարբերվում են` մեկը պաշտպանողական բնույթի է, մյուսը` հարձակողական»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով իրանաադրբեջանական սահմաններին զորքի կուտակումներին և դրանց պատճառներին:

Իրանագետի խոսքով` այս զորավարժությունները  հարձակողական պաշտպանության մարտավարության կիրառություն են, ինչը մեսիջ է  տարածաշրջանային պետություններին:

«Պատճառները մի քանիսն են: Նախ՝ մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, իրանական բեռնատարների խնդիրը` ադրբեջանական կողմից Իրանի վարորդների ձերբակալումը, և ամենագլխավոր  պատճառը` ադրբեջանական հանրապետության տարածքում Թուրքիայի ռազմական ակտիվությունը և Պակիստանի ներգրավումը այդ ամեն ինչին: Ինչպես նաև Կասպից ծովում առաջին անգամ թուրքական զինուժի ներկայությունը՝ որպես ռազմավարժանքի կողմ»,- պարզաբանեց փորձագետը, նշելով, որ այն պաշտոնական արձագանքի արժանացավ Իրանից և դատապարտվեց ԱԳՆ խոսնակի մակարդակով, հոգևորական ու ռազմական գործիչների մակարդակում. սա հիմնականում ուղղված էր ցույց տալու, որ Ադրբեջանում  և Հարավային Կովկասում ուժեղացող Թուրքիան պետք է իմանա, որ Իրանը ցանկացած գործողության դեպքում կարող է պատասխան տալ: 

Իսկ հարցին արդյոք ադրբեջանական կողմից նկատվող կուտակումներն իրանական սահմանի մոտ կարող են պատերազմի վերաճել իրանագետն ասաց, որ ռազմական բախման հնարավորությունը զրոյական է.«Քանի որ ադրբեջանական հանրապետությունը իր ռազմական և քաղաքական կշռի առումով չունի որևէ հնարավորություն իրանի հետ պատերազմելու և չի էլ համարձակվի Իրանի հետ ռազմական բախման գնալ, եթե նույնիսկ Թուրքիան կանգնած լինի Ադրբեջանի թիկունքում, ինչպես Արցախյան պատերազմի դեպքում էր` չհայտարարվող, բայց երևացող կերպով կանգանծ Ադրբեջանի թիկունիքում»,- ասաց փորձագետը, անհավանական համարելով նաև իրանա-թուրքական լայնամասշտաբ բախման հնարավորությունները՝ պարզաբանելով, որ այս պետությունները, լինելով մրցակիցներ տարածաշրջանում և մրցակցելով Աֆղանստանից մինչև Սիրիա ընկած բոլոր պետություններում, գերադասում են ավելի շատ պրոքսի պատերազմների միջոցով  վարել իրենց քաղաքականությունը, քան թե գնալ առճակատման, քանի որ գիտեն իրենց ռազմական և տնտեսական հնարավորությունները, և իրենց բախումը չի բերելու որչևէ մեկի հաղթանակին. «Այս ուժի ցուցադրությունը քաղաքական նպատակների օգտագործման համար է: Իսկ որոնք են դրանք՝ կտեղեկանանք հավանաբար  ԱԳ նախարարների՝ Թեհրանում նախատեսվելիք հանդիպման ժամանակ»:

Հարցազրույցն ամբողջությամբ` շուտով:

Հայկ Մագոյան

 

 

4117