2021 թ. առանձնահատկությունն այն է, որ որոշակի հումքային ապրանքատեսակների միջազգային գներն էական փոփոխությունների են ենթարկվել, և որոշ դեպքերում դրանք էապես ազդել են Հայաստանում տնտեսական ակտիվության վրա՝ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը: 

Մյուս կողմից, ըստ նախարարի, ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի առևտրային գործընկերներն ունեն տնտեսական զարգացումների ավելի լավ միջավայր, քան ի սկզբանե նախատեսված էր:

«Այսպիսի պայմաններում 2021-ի հունվար-փետրվարին որոշակի անկում արձանագրելուց հետո տնտեսությունը սկսել է վերականգնվել, և 2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է տնտեսական ակտիվության 5 տոկոս աճ: Ապրիլից ունեցել ենք զգալի բարձր տնտեսական ակտիվություն, այն շարունակում է մինչև կիսամյակի ցուցանիշը ներառող ժամանակահատվածում ունենալ աճի միտում:

Առավել բարձր աճ են արձանագրել ծառայությունները և առևտուրը, բայց նաև շինարարությունը, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը: Արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործմամբ:

Գյուղատնտեսությունն աճել է՝ հիմնականում պայմանավորված բուսաբուծության ոլորտում դիտարկված բարձր տնտեսական ակտիվությամբ: Շինարարությունն աճել է առավելապես պետական բյուջետային և բնակչության միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների հաշվին»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարն անդրադարձավ նաև գնաճին: «Գնաճը կազմել է 5.7 տոկոս, այդ թվում՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով գների աճը 7.7 տոկոս է արձանագրվել, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի դեպքում՝ 9.1 տոկոս, ոչ պարենային ապրանքների գների աճը եղել է 7.9, իսկ ծառայությունների գները 2 տոկոս աճ են արձանագրած եղել»,- ասաց Խաչատրյանը:

1lurer.am

891