
Կառավարության անդամների ճեպազրույցից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչու է իր աշխատասենյակում փակցված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ արդյոք որոշումներ կայացնելիս նախարարը նայում է վարչապետի լուսանկարին։
«Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է՝ ինչպես դրոշը, գերբը եւ այո, նաեւ լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը»,- ասաց Անդրեասյանը։
Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նախարարը որոշումներ կայացնելիս հարցնում է Փաշինյանի լուսանկարից՝ ճիշտ է, թե ոչ, Անդրեասյանը պատասխանեց։
«Եթե դուք լուսանկարների հետ խոսում եք՝ ասեմ, որ ես չեմ խոսում»։
Անդրեասյանը նշեց, որ վարչապետի լուսանկարը փակցնելը հրաման չէ, այլ անձնական որոշում, եւ այն, ինչ արգելված չէ, ուրեմն կարելի է։